Հնդկաստանի փոխնախագահը ԵՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ

Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին հանդիպում ունեցավ Երևանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում Հնդկաստանի փոխնախագահը հանդես եկավ դասախոսությամբ:

Նա իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին հրավերի համար: «Ես եկել եմ այս երկիր, որը թեև տարածությամբ հեռու է Հնդկաստանից, սակայն հեռու չէ հնդիկների անհատական և հավաքական հիշողություններից: Ես ծնվել եմ Կալկաթայում և երկար տարիներ եմ անցկացրել այդ քաղաքում, որի պատմական վայրերից են հայկական եկեղեցիներն ու հայկական բնակատեղիները: Հայր Միքայել Չամիչի (Չամչյանի- խմբ.) «Հայաստանի պատմություն» աշխատությունը թարգմանվել և հրատարակվել է Կալկաթայում 1827թ.: Վերջերս պատմաբաններից մեկը` Ջորջ Բուրնությանը, արձանագրել է հայերի ներդրումը Հնդկաստանի առևտրի և ապրանքաշրջանառության ոլորտում` ուղղված զանազան մշակութային և բարեգործական ձեռնարկների»,- ընդգծեց Համիդ Անսարին:

Նա հավելեց, որ իր երկրի հոգևոր պատմության քիչ հայտնի, բայց, այնուամենայնիվ, մի մասն է հանդիսանում հայկական ծագումով մի անձ, ով միջնադարյան մատենագրության մեջ հայտնի է Սարմադ անունով: «Նա եղել է միստիկ, ով ճանապարհորդել է այս տարածաշրջանից դեպի Հնդկաստան, ապրել է ոչ ավանդական կյանքով և 1660թ. մահապատժի է ենթարկվել աստվածանարգության համար, քանի որ նա պաշտպանել է մի հավատամք, որը տարանջատում էր «ժխտման ու հաստատման» վիճակները: Մեր ազատագրական շարժման առաջնորդներից մեկը, ով նաև Մահաթմա Գանդիի մտերիմ օգնականն էր` Աբդուլ Կալամ Ազա դը, խորապես ազդվել է Սարմադի ազատ մտածողության և մարդասիրական գաղափարներից»,- ասաց Հնդկաստանի փոխնախագահը:

Անցնելով դասախոսությանը` նա ընդգծեց, թե ակնհայտ է, որ ներկա ժամանակներից դեռևս շատ առաջ մարդկանց, առևտրի և գաղափարների հոսքն անսովոր երևույթ չի եղել: Սակայն շեշտեց նա, իր նպատակն է խոսել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին: «Այս լսարանի հին սերունդը գիտի, իսկ կրտսեր սերնդին պատմել են, որ 20-րդ դարը եղել է կազմակերպված խելացնորության ժամանակաշրջան, ինչին բնորոշ են մետաառասպելներ և մեծաթիվ մահեր: Այս ամենը հանգեցրել է նրան, որ հայտնի պատմաբաններից մեկը եկել է մի եզրակացության, որ մեր աշխարհը վտանգված է արտաքին և ներքին պայթյուններով, և, հետևաբար, այն պետք է փոխվի: Այն ակնկալիքը, որ դարի վերջին տասնամյակում փոփոխությունները կստեղծեն ավելի ներդաշնակ աշխարհ, որում միջազգային համագործակցությունը միջազգային խնդիրների լուծման համար պիտի կարգավորվի խաղաղ միջոցներով` արդարության սկզբունքներին և միջազգային իրավունքին համապատասխան, չի իրագործվել: Ընդհակառակը, հին մտածելակերպը և գործելակերպը պահպանվել են և նոր տեխնոլոգիաների օգնությամբ հանգեցրել են մեր աշխարհի տարբեր մասերում ներքին և արտաքին պայթյունների»,- ասաց Համիդ Անսարին:

Համիդ Անսարին եզրակացնում է, որ առանձին անհատներ, հասարակություններ և համաշխարհային հանրությունը` որպես հավաքական միավոր, պիտի վերանայեն ապագայի հանդեպ իրենց պարամետրերը: Նրա խոսքով` առաջին քայլով պետք է բացահայտվեն հավանական մարտահրավերները, հաջորդով պետք է գնահատել, թե գիտական և տեխնոլոգիական առաջադիմությունը ինչ ազդեցություն կունենա դրանք լուծելիս, իսկ երրորդ քայլը կլինի գնահատել դրանց ազդեցությունը մարդկության կյանքի վրա: Հնդկաստանի փոխնախագահի գնահատմամբ` մարդկության ուշադրության կենտրոնում պետք է լինի և հնարավորը, և հավա նականը, սակայն հնարավորը չի բացառում նախընտրելիի և անցանկալիի մեջ խորամուխ լինելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում