ՀՀԿ-ն, հավանաբար, հավատարիմ կմնա իր խոսքին ու կոալիցիա կկազմի. Իսագուլյան

««Ելք» դաշինքից առաջադրված Նիկոլ Փաշինյանն իր ընտրատեղամասում ստացավ ավելի քան 11 հազար ձայն` շատ անգամ ավել, քան ՀՀԿ-ից ու «Ծառուկյան» դաշինքից նույն տեղամասում առաջադրված թեկնածուները: Այսինքն` ես, միանշանակ, կարող եմ ասել, որ ընտրակաշառքը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա»,-այսօր Թեքեյան կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին` որպես հակափաստարկ այն խոսակցությունների, որ ընտրակաշառքն ազդել է ընտրությունների արդյունքների վրա, բերեց Գառնիկ Իսագուլյանը:

Իսկ թե ինչպես է ստացվել, որ ՀՀԿ-ն, ունենալով իրենից դժգոհ ընտրողների մեծ զանգված, ամեն դեպքում, ստացել է այդքան ձայն, Իսագուլյանը զարմանալի չի համարում. «Սիրել-չսիրելով չէ, որ ձայն են տալիս այս կամ այն կուսակցությանը: Երբ նայում ենք մյուս քաղաքական ուժերին, պարզ է դառնում մի բան. որքան էլ քննարդատենք ՀՀԿ-ին, միևնույնն է, ամենամրցունակ թիմը ձևավորել էր հենց ՀՀԿ-ն: Միակ ուժը, ում տեսնում էին, որ կարող է շարունակել երկրի ղեկավարումը`նույնիսկ նման ծանր տնտեսական պայմաններում, ՀՀԿ-ն է: Մյուս կուսակցություները չկարողացան առաջադրել այնպիսի թեկնածուներ, որոնք կարող էին ակտիվ աշխատել տեղերում»:

Առանձին անդրադառնալով «ՕՐՕ» ու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքներին` Գառնիկ Իսագուլյանը նրանց սպասելիքների չարդարացումը ևս նորմալ է համարում: Ըստ նրա` ՕՐՕ-ի առաջին դեմքերի` ընդդիմադիր ներկայանալու փորձերը համոզիչ չէին կարող լինել հասարակության համար, քանի որ բավական երկար ժամանակ նրանք եղել են իշխանության մաս:

Ինչ վերաբերում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, այստեղ էլ խանգարում էր չաշխատող թեզը. «Կոնգրես-ՀԺԿ դաշինքի համար անսպասելի էր, որ այն քարոզը, որ թվում է հասարակության 99 տոկոսն ընդունում է` խաղաղության թեզը, կարող էր նման արձագանք ունենալ: Խաղաղությունը չեն մուրում, այն նվաճում են: Հասարակության համար դա պարզ ընկալելի է»,-ասաց բանախոսը:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի` Սահմանադրական դատարան ներկայացված հայցը` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, ըստ բանախոսի, դժվար բավարարվի, քանի որ չկան փաստեր, իսկ որպես այդիպիսին ներկայացված ձայնագրություններն, իրավական հիմք չունեն. «Ձայնագրությունը կարող է որպես հիմք ընդունվել դատարանի կողմից, եթե կա դրա թույլտվությունը և դա արվում է հատուկ նպատակով»,-հայտնեց Իսագուլյանը:

Բանախոսի գնահատմամբ` ՀՀԿ-ն, անկախ ամեն ինչից, կարողացավ հասնել բավական լուրջ հաջողության և հիմա կարող է միանձյա կառավարություն ձևավորել, սակայն, ամենայն հավանականությամբ, հավատարիմ կմնան իր խոսքին ու կոալիցիա կկազմի ՀՅԴ-ի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում