Վաշինգտոնը հայտարարել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր ռազմավարության մասին

ԱՄՆ-ում հայտարարվել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր ռազմավարության մասին: ԱՄՆ-ը կխստացնի պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ եւ կակտիվացնի դիվանագիտական քայլերը՝ ուղղված Փենյանի կողմից իր միջուկային եւ հրթիռային ծրագրերի իրականացման դադարեցմանը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ռազմավարության մասին հայտարարվել է ամերիկացի սենատորների հետ նրա հատուկ հանդիպումից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Արտակարգ հանդիպմանը, որը կայացել է ապրիլի 26-ին Սպիտակ տանը, մասնակցել են Սենատի բոլոր 100 անդամները, ինչպես նաեւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը:

«ԱՄՆ-ի գործողությունները միտված են Կորեական թերակղզու կայունությանը եւ խաղաղ միջուկազերծմանը»,- ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսի եւ ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոութսի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք պատրաստ ենք բանակցություններ անցկացնել այդ նպատակին հասնելու շուրջը: Սական մենք պատրաստ ենք նաեւ պաշտպանել թե՛ մեզ եւ թե՛ մեր դաշնակիցներին»,- ընդգծված է փաստաթղթում:

Ինչպես նշում է BBC-ն, ԱՄՆ-ի նոր պլանի հիմնական խնդիրներից մեկը Չինաստանին համոզելն է՝ ավելի ակտիվ ճնշում գործադրել Փենյանի վրա նրա ծրագրերը սառեցնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում