Ենթադրվում է, որ ադրբեջանական խնձորը ներկրվել է մաքսանենգ ճանապարհով. ներկրողն ընկերություն չէ

Սննդի անվտանգության պետական ծառայությունը Պետական եկամուտների կոմիտեի հետ ուսումնասիրում է հայաստանյան շուկայում ադրբեջանական խնձոր հայտնվելու հանգամանքները և արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնի: Կառավարության նիստից հետո ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նշեց, որ ապրիլի 23-ին ստացված հաղորդագրությունների հիման վրա ծառայությունը Երևանի և մարզերի մի շարք վայրերում իրականացրել է շրջայց, արձանագրել ադրբեջանական խնձորի վաճառքի դեպքեր: Պարզվել է, որ ապրանքը չի ունեցել անվտանգությունը հավաստող փաստաթղթեր և հանվել է շուկայից: Իշխան Կարապետյանի խոսքով, ուսումնասիրությունները շուկայում դեռևս ընթացքի մեջ են: Նա սպառողներին հորդորեց յուրաքանչյուր դեպքի առնչությամբ հայտնել ՍԱՊԾ:

«Ստուգայցերը շարունակական գործընթաց են, որոնք կատարվում են հանրապետության ողջ տարածքում ոչ թե մեկ օրվա ընթացքում, այլ որոշ ժամանակաշրջան: ՍԱՊԾ-ն ՊԵԿ-ի հետ ներկայում իրականացնում է գործողություններ, որպեսզի բացահայտվի վերջնական խմբաքանակը, և արդյունքներն ամփոփելուց հետո այդ հարցին կանդրադառնանք համատեղ հայտարարությամբ: Ներմուծող ընկերություն չկա: Հիմնական խմբաքանակը շուկայից արդեն օգտահանվել է: Երբ շրջայցի արդյունքներն ամփոփվեն՝ այդ ժամանակ լիարժեք տեղեկատվություն կներկայացվի»,- ասաց Կարապետյանը՝ ավելացնելով, որ ծառայությունում ներդրվել են մոնիտորինգային ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել շուկայում առկա ռիսկերը:

Կարապետյանի խոսքով` ենթադրվում է, որ ադրբեջանական խնձորը ներկրվել է մաքսանենգ ճանապարհով, եթե դրա ներկրման փաստաթղթեր ՍԱՊԾ-ի բազայում առկա չեն: «Օրենսդրությամբ թույլատրվում է առանց փաստաթղթի ներկրել մինչև 50 կգ համապատասխան գյուղմթեք: Ներկայում քանակները, որոնք շուկայից օգտահանվել են, համադրվում են և ՊԵԿ-ի հետ կատարվում է վերլուծություն: Արդյունքներն ամփոփելուց հետո կանենք համատեղ հայտարարություն»,- ասաց ՍԱՊԾ պետը: Հարցին, թե արդյոք պարզվել է՝ ադրբեջանական խնձորն իրենից վտանգ ներկայացրել է, թե ոչ, Կարապետյանն ասաց, որ կատ արվում է փորձաքննություն, տեղեկատվությունն առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի կներկայացվի:

Մյուս հարցին, թե որտեղից է ներկրվել խնձորը, Կարապետյանն ասաց, որ շուկայում այն վաճառողները տարբեր տեսակի տեղեկատվություն են ներկայացնում. ներկայում իրականացվում է ուսումնասիրություն:

Կարապետյանն ասաց նաև, որ բացի Երևանից, ադրբեջանական խնձոր հայտնաբերվել է նաև Գեղարքունիքի և Շիրակի մարզերի վաճառակետերում՝ փոքր խմբաքանակներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում