Ֆրանսիական դատարանը մերժեց Կոսովոյի նախկին վարչապետին Սերբիա արտահանձնելու պահանջը

Ֆրանսիայի Կոլմար քաղաքի վերաքննիչ դատարանը մերժել է ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային Սերբիա արտահանձնելու պահանջը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի քննչական պալատում:

«Ընդունվեց (Սերբիայի համար) բացասական վճիռ, հանձնում չի լինի, (Խարադինայի նկատմամբ) դատական հսկողությունը կհանվի»,- հայտնել է դատարանի ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ հայցվորները տակավին ժամանակ ունեն այս եզրակացության գանգատարկման համար:

Ռամուշ Խարադինայը Բազել-Մյուլուզ շվեյցարա-ֆրանսիական օդանավակայանում ձերբակալվել է հունվարի 4-ին: Ձերբակալումը կատարվել է Սերբիայի իշխանությունների պահանջով:

Բալկաններում տեղի ունեցած պատերազմի ժամանակ Խարադինայը եղել է Կոսովոյի ազատագրման բանակի շտաբի պետը: Հետագայում նա մեղադրվել է Էթնիկական զտումների ընթացքում կոսովցի սերբերի զանգվածային սպանություններ կատարելու մեջ: 2005 թվականին Նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների միջազգային տրիբունալը ձեռնամուխ է եղել նրա գործի քննությանը: Երեք տարի անց նա լիովին արդարացվել է մեղադրանքների բոլոր (37) կետերով:

Չնայած դրան, Սերբիայի իշխանությունները շարունակում են Խարադինային մեղավոր համարել բազմաթիվ ռազմական հանցագործություների մեջ, որոնք կատարվել են 1998 – 1999 թվականներն ընկած ժամանակաշրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում