Ստեֆան Շեննախ․Մենք պատրաստ ենք ԵԽԽՎ հրավիրել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին

«Այո՛, մենք այժմ բաց ենք աշխատելու Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Մերձդնեստրի, Աբխազիայի, Օսեթիայի հարցերով»,-այսօր Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ասաց ԵԽԽՎ պատգամավոր, «ԵԽ անդամ երկրների միջև հակամարտությունների ենթակոմիտեի» նախագահ Ստեֆան Շեննախը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ենթակոմիտեի նիստերից մեկին հրավիրվի նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը:

Ճշտող հարցին, թե պատրա՞ստ է լսել Ղարաբաղի ներկայացուցչին, որը կներկայացի իրենց տեսակետները, Ստեֆան Շեննախն ասաց․«Իհարկե, մենք նաև հրավիրել ենք այսպես կոչված Մերձդնեստրի իշխանություններին։ Մենք պետք է հրավիրենք հակամարտությունների բոլոր կողմերին»։

Անդրադառնելով Թուրքիային, որն այս նստաշրջանում հետ-մոնիտորինգային գործընթացից վերադարձվեց մոնիտորինգի տակ, հարց ուղղեցինք, թե ինչպիսի զարգացումներ է սպասվում՝ Թուրքիային մոնիտորինգի տակ վերադարձնելուց հետո, երբ կա արդեն տեղեկություններ, որ թուրք պատգամավորները պատրաստվում են բոյկոտել ԵԽԽՎ գալիք նստաշրջանները, որի դեպքում Թուրքիան կլինի արդեն երկրորդը, ՌԴ-ից հետո, որը չի մասնակցի նստաշրջաններին։

«Ափսոս, իհարկե, սակայն մենք ունենք ստանդարտներ։ Թուրքիան Եվրոպայի խորհրդի հիմնադիր անդամներից է և, կարծում եմ, որ նրանք պետք է իսկապես մտածեն, թե ինչ են անում։ Սա շատ նորմալ ընթացակարգ է։ Կան տարբեր տեսակի մոնիտորինգներ, և անգամ իմ երկիրը՝ Ավստրիան, Գերմանիան նախորդ տարի մոնտիտորինգի տակ էին։Կարծում եմ, նրանք պետք է համագործակցեն»,- ասաց Ստեֆան Շեննախը։

Այսօր ԵԽԽՎ-ում Հունգարիայի վերաբերյալ քննարկման ժամանակ պարոն Շեննախն առաջարկեց անգամ Հունգարիային ներառել մոնիտորինգի տակ։ Հարցին, թե արդյո՞ք նման քայլը չի լինի ռիսկային կազմակերպության համար, որը կարող է կորցնել արդեն իր երրորդ անդամին, Շեննախը պատասխանեց․ «Ո՛չ, սա արժեքների, մարդու իրավունքների, ժողովրդավարության տուն է։ Մենք ունեցանք այս քննարկումը Հունգարիայի վերաբերյալ, որտեղ իրավիճակն առավել է վատանում։ Ավելին, ես այսօր առաջարկել եմ ևս մեկ երկրի՝ Մակեդոնիային, հետ-մոնիտորիգային գործընթացից վերադարձնել մոնիտորինգի տակ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում