Ի՞նչն է փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը

Փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ Times.am-ը զրուցեց ՀՀ ՓՊ խորհրդի անդամ Հարություն Հարությունյանի հետ:

-Պարոն Հարությունյան, այսօր փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ խոսում են միայն Տիգրան Աթանեսյանը և նրան պաշտպանողները: Ի վերջո ի՞նչ էր տեղի ունեցել և ո՞րն է սրա դրդապատճառը:

-Անկեղծ ասած ինձ համար այս միջադեպում կողմեր չկան, բայց նաև կիսում եմ այն մտահոգությունը, որ տեղեկատվությունը միակողմանի է: Իմ կարծիքով խնդիրը պետք է դիտարկել 2 հարթությունում, առաջինն իրավական հարթությունն է, որտեղ միանշանակ դատապարտելի են նմանատիպ երևույթները: Հարցն ունի նաև բարոյական հարթություն և հենց այստեղ են թաքնված շարժառիթները, որոնք սադրել են այս միջադեպը: Իմ ունեցած տեղեկատվության համաձայն՝ միջադեպին նախորդել է Տիգրան Աթանեսյանի կողմից Սիմոն Բաբայանի հասցեին պարբերական բնույթ կրող ֆեյսբուքյան գրառումները, որոնք անցել են ոչ միայն գործնական, նաև անձնական բոլոր հնարավոր սահմանները:

-Ավելի կոնկրետ կարո՞ղ եք ներկայացնել, այսպես ասած բացել փակագծերը, քանի որ ինքս գոնե չեմ հանդիպել նման գրառման:

-Ֆեյսբուքյան խմբերից մեկում Աթանեսյանը հայհոյանքներ և վիրավորանքներ է հնչեցրել Սիմոն Բաբայանի անձի և ընտանիքի հասցեին:

Այսինքն դա՞ է եղել պատճառը, որ տղայական պարզաբանումների արդյունքում Բաբայանը հարվածել է Աթանեսյանին:

-Խնդրում եմ չշտապել դատողություններ անել, քննությունը կպարզի, թե ինչ է տեղի ունեցել և ով է ում հարվածել:

-Այնուամենայնիվ այս միջադեպը ի՞նչ հետք կթողնի փաստաբանական համայնքի վրա առհասարակ:

-Խնդրում եմ նկատի ունենալ, որ փաստաբանները մարդիկ են, շատ դեպքերում էմոցիոնալ և չեմ կարծում, որ նման միջադեպերը կարող են հարվածի տակ դնել մեր ինստիտուտի հեղինակությունը՝ որպես հավաքական մարմնի, բայց և այնպես, եզրափակելով խոսքս ընդգծեմ, որ յուրաքանչյուր հայ մարդու համար լինի նա բանվոր, զինվոր, թե՛ փաստաբան ընտանիքը՝ իր անձնական տիրույթը, սրբություն է և դատապարտելով նմանատիպ բոլոր երևույթները՝ կարծում եմ, որ վիրավորանքներով երբեք չի կարելի մտնել ընտանիք:

Զրուցեց՝ Արման ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում