ՄԱԿ-ում անընդունելի են համարել հարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի վրա

Հարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի վրա եւ նրա պատգամավորներին ծեծի ենթարկելն անհարդուրժելի են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով երկրի իրադրությունը խորհրդարանի խոսնակի ընտրութ յուններից հետո:

«Բռնությունը, որն ուղղված է ժողովրդավարության ինստիտուտների եւ ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների դեմ, անհանդուրժելի է»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

Ապրիլի 27-ին Մակեդոնիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել էթնիկ ալբան Թալաթ Ջաֆերին: Դա դժգոհություն է առաջացրել եւ հանգեցրել բողոքավորների հարձակմանը խորհրդարանի վրա: Բողոքավորները երեկոյան բռնությամբ ներխուժել են Հանրապետության ժողովի շենք եւ ծեծել ընդդիմության առաջնորդ Զորան Զաեւ ին եւ ընդդիմադիր՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության մի քանի պատգամավորների, ինչպես նաեւ ալբան խորհրդարանական Զիյադին Սելին:

Երեկոյան Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումն իրականացրել է պատգամավորների ազատման գործողություն, որոնց արգելափակել էին խորհրդարանի մամուլի կենտրոնում:

Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովն ուղերձով դիմել է ազգին եւ հորդորել է խոշորագույն կուսակցությունների առաջնորդներին՝ միասին քննարկել քաղաքական ճգնաժամից խաղաղ ելք գտնելու միջոցը, հաղորդել է ՌԻԱ Նովոս տին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում