Լե Պենը խոստացել է նախագահի պաշտոնում անխնա պայքար մղել ահաբեկչության դեմ

«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենն ընտրողների առջեւ պարտավորություն է ստանձնել իշխանության գալու դեպքում անզիջում պայքար մղել ահաբեկչության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է Նիսում՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների հանրահավաքում: 

«Ֆրանսիան պատերազմի վիճակում է, նրան հարվածներ են հասցնում ահաբեկիչները: Եվ այս պայմաններում ես կդառնամ պետության ղեկավար եւ գլխավոր հրամանատար, որը պատերազմ կմղի իսլամիստական ահաբեկչության դեմ: Եվ դա իրականացվելու Է ոչ այն անպատասխանատվությամբ ու անլրջությամբ, ինչպես առաջ, այլ ամենայն վճռականությամբ, արմատական իսլամիզմի արյունալի գաղափարախոսությունն արմատախիլ անելու նպատակով»,-հայտարարել է լե Պենը:

«Տվյալ դեպքում անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ բոլոր մայրցամաքներում, քանի որ ահաբեկչությունը համաշխարհային խնդիր է»,- նշել է նախագահի թեկնածուն: «Ֆրանսիան տնտեսապես, իսկ եթե պահանջվի՝ նաեւ ռազմական ուժերով կօգնի ահաբեկչության դեմ պայքարող երկրներին»,- ասել է լե Պենը:

Նա հավաստել է իր վճռականությունը «Ֆրանսիայից արտաքսել օտարերկրացի բոլոր իսլամիստներին, որոնք ուժային գերատեսչությունների կողմից ներառված են երկրի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց ցուցակում»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում