Եվրամիությունը հունիսին հերթական գագաթնաժողովը կանցկացնի Brexit-ի շուրջ

Եվրամիությունը հանրակցության 27 երկրների ձեւաչափով հերթական գագաթնաժողովը կանցկացնի հունիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ-ի խորհրդի դիվանագիտական մի աղբյուր: 

«Հունիսին, ինչպես սպասվում է, տեղի կունենա հանդիպում 27-ի ձեւաչափով»,-ասել է նա: Աղբյուրը նշել է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա ԵՄ-ի 28 երկրների պլանային հունիսյան գագաթնաժողովի շրջանակներում:

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ Եվրամիության 27 երկրների ղեկավարները մտադիր են մինչեւ մայիսի 22-ն ավարտել Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններին նախապատրաստվելու գործընթացը:

«Մենք ցանկանում ենք մինչեւ մայիսի 22-ն ավարտել գործընթացը՝ բոլոր մանրամասներով»,-ասել է նա:

Ապրիլի 29-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովը պետք է հաստատի ԵՄ-ի բանակցային դիրքորոշման հիմնական դրույթները: Լիսաբոնի պայմանագրի համաձայն, հանրակցության կազմից երկրի դուրս գալու շուրջ բանակցություններին երկու տարի է հատկացվում՝ սկսած դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում տալու պահից: Այդ ծանուցումը Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Եվրոպական խորհրդին հանձնել է մարտի 29-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում