Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բրյուսելում ապրիլի 28-ին կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցեցին գործընկեր վեց պետությունների և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները։ ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։

Հանդիպման նպատակն էր անդրադարձ կատարել ԱլԳ ձևաչափի արդյունավետությանը և քննարկել հնարավոր կառուցվածքային փոփոխությունների առաջարկները՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթաժողովին ընդառաջ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրեց վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ նոր շրջանակային համաձայնագրի նախաստորագրումը և կարևորեց ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնությունների հաստատումը մոտ ապագայում։ Կարեն Նազարյանը խոսեց նաև ԵՄ հետ շարունակվող տնտեսական համագործակցության և ոլորտային երկխոսության մասին՝ ընդգծելով, որ այն ԱլԳ անկյունաքարերից մեկն է։

Խոսելով ապագա գագաթաժողովին ընդառաջ Հայաստանի ակնկալիքների մասին՝ նախարարի տեղակալը մեծապես կարևորեց ԵՄ անդամ երկրների հետ նախկինում ստանձնած համատեղ հանձնառությունների լիակատար իրականացումը, մասնավորապես կենտրոնանալով վիզաների ազատականացման շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը, որի նպատակն է առավել մոտեցնել հանրություններին՝ փոխադարձ շփումների համար ստեղծելով ապահով և արդյունավետ միջավայր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում