Զինադադարի խախտում իրականացնելով Ադրբեջանը վտանգել է բանակցային գործընթացը. Տիգրան Բալայան

Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել` խոսելով սադրանքների լեզվով։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ մոսկովյան հանդիպումից առաջ Բաքվի կողմից շփման գծում իրավիճակի լարումը, որի հետևանքով Արցախի ՊԲ զինվոր է զոհվել։

– Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել` խոսելով սադրանքների լեզվով։ Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարևորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով։

Նման սադրանքի գնալով այն ժա մանակ, երբ բոլորը սպասում են մոսկովյան հանդիպման արդյունքին՝ Բաքուն նաև հստակ ի ցույց է դնում, որ իրականում հետաքրքրված չէ դրանով և, անկախ նրանից, թե ինչ մակարդակով հանդիպում է ընթանում, շարունակում է կառչած մնալ տարիներ շարունակ իր որդեգրած սադրանքների քաղաքականությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում