Վարակված տիզը կարող է դառնալ մարդու մահվան պատճառ, իսկ հումակեր շունը` էխինակոկի աղբյուր

Մակաբույծների «սև գործը»

Ղրիմ-կոնգո հեմորակիկ տենդն ու տզերը, կարծես, որևէ կապ չպիտի ունենան իրար հետ: Բայց դա` միայն առաջին հայացքից` այն էլ բժշկության ու կենսաբանության հետ կապ չունեցող մարդկանց համար: ԳԱԱ գիտաշխատող, կենդանաբան Սարգիս Աղայանն այդ կապի ու մարդկանց մոտ արձանագրվող այլ մակաբուծային հիվանդությունների հարուցիչների ուսումնասիրությամբ զբաղվում է արդեն մի քանի տարի: «Ինչպես հարուցիչով տարածվող ցանկացած հիվանդության, անպես էլ Ղրիմ-կոնգո հեմորակիկ տենդի աղբյուրը գտնվում է բնական պահեստարաններում, և համապատասխան պայմանների ստեղծման դեպքում կարող է բռնկվել հիվանդությունը: Այս դեպքում` որպես բնական պահեստարան, հանդես են գալիս տզերը: Այսինքն` մարդիկ ղրիմ-կոնգո հեմորակիկ տենդով վարակվում են դրա հարուցիչները կրող տզերի միջոցով»,-պարզաբանում է Սարգիսը:

Հասկանալու համար, թե որքան «հարուստ» են այդ աղբյուրները, Սարգիսի գլխավորած գիտական խումբը երկարատև հետազոտություն անցկացրեց:Արդյունքը, որն ունեցան, զարմացրեց խմբի բոլոր անդամներին: Պարզվեց, որ ղրիմ-կոնգո հեմորակիկ տենդը բավականին տարածված է տզերի մոտ: Ճիշտ է, ջերմությամբ, սրտխառնոցով ուղեկցվող, երբեմն մահվան ելքով այս հիվանդությունը` Իրանի ու Թուրքիայի համեմատ, Հայաստանում շատ հազվադեպ է հանդիպում, սակայն, ինչպես երիտասարդ գիտնականն է ասում, ոչ ոք ապահովագրված չէ. «Մենք չենք կարող հիմնվել միայն մարդկանց վարակվածության դեպքերի վրա: Պետք է հետազոտենք նաև փոխանցողներին, քանի որ բնության պահեստարաններում դրանք կարող է տարիներով մնան, և երբ արդեն նպաստող պայմաններ լինեն, հիվանդություն բռնկվի»: Սարգիս Աղայանը պնդում է`ռիսկերը գնահատելու ու հնարավոր անցանկալի զարգացումներից խուսափելու համար պետք է մանրազննին ուսամնասիրվեն պահեստարանները:

Քանի որ Ղրիմ-կոնգո հեմորակիկ տենդի հարուցիչը կարող է անցնել մարդուն ` տիզը կծելու դեպքում, ուստի և ավելի խոցելի են դառնում գյուղական բնակչությունն ու զինվորները: Ռիսկային խումբ, առաջին հերթին, համարվում են գյուղաբնակները, քանի որ նրանց շփումը կենդանիների հետ անհամեմատ ավելի մեծ է, իսկ զինվորների` այդ խմբում հայտնվելը պայմանավորված է հաճախակի անցկացվող դաշտային պարապմունքներով: Ինչպես հայտնի է, տզերն ավելի հաճախ հանդիպում են դաշտերում ու կենդանիների վրա:

Հում մսով սնվող շունը` հիվանդությունների բույն

Սարգիս Աղայանը հաճախ է սիրում կրկնել` ոչ մի համաճարակ օդից չի ծնվում, ունենում է իր աղբյուրը կամ աղբյուրները: Էխինակոկի դեպքում այդ աղբյուրը կենդանիներն են: «Մենք հետազոտել ենք և´ խոշոր, և´մանր եղջերավոր կենդանիների մոտ էխինակոկ հիվանդույթունը:Ու պետք է նշեմ, որ վարակվածությունը նրանց մոտ բավականին բարձր է: Իհարկե, մարդը անմիջականորեն չի կարող վարակվել էխինակոկով, ոչ էլ հարուցիչով վարակված թոքային հյուսվածքը կամ լյարդը ուտելու դեպքում կհիվանդանա: Սակայն, եթե այդ նույն հարուցիչով վարակված թոքային հյուսվածքը կամ լյարդը ուտի շունը, որից հետո շփում լինի մարդու հետ, ապա վարակը կփոխանցվի վերջինիս: Բանն այն է, որ վարակված հյուսվածքը շան օրգանիզմում այնպիսի գործընթացներ է առաջացնում, որի արդյունքում հարուցիչները հայտնվում են մազի վրա»: Սարգիսն ասում է, որ դա լավագույն տարբերակն է, որից, քիչ թե շատ, հնարավոր է զգուշանալ, իսկ եթե հարուցիչը շան կղանքի միջոցով անցնում է հողի մեջ, վիճակն ավելի է բարդանում: Հիվանդության հարուցիչները հողի հետ խառնված կղանքից անցնում են բույսին, այդտեղից էլ` մարդու օրգանիզմ: Ահա թե ինչու երիտասարդ կենդանաբանը հորդորում է` ոչ մի դեպքում հում միս չտալ շներին ու կատուներին: Ջերմային մշակման չենթարկված մսամթերքը ոչ միայն էխինակոկի, այլև տարբեր ծանր հիվանդությունների առաջացման պատճառ կարող է դառնալ:

Հասկանալու համար, թե տնային ու թափառող շների մոտ, ինչպես նաև մշակվող հողատարածքներում ինչ տարածվածություն ունի էխինակոկը, Սարգիսն ու իր խումբը մտադիր են առաջիկա երկու տարվա ընթացքում հետազոտություններ անել ՀՀ-ի տարածքում: «Շրջակա միջավայրի ուսումնասիրությունը չափազանց կարևոր է: Եթե մենք դա չանենք, ո՞վ պետք է անի: Հետազոտությունների արդյունքներն ունենալուց հետո, համապատասխան հանձնարարականներ կտրվեն պատկան մարմիններին: Մի բան հստակ է` հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա, քանի որ այդպես հնարավոր կլինի խուսափել տարբեր առողջական խնդիրներից»,-վստահեցնում է երիտասարդ գիտնականը և հավելում:-Մեր գիտական ուսումնասիրությունները պետք է նյութ տրամադրեն առողջապահական ու կրթական համակարգերին»:

Միջազգային համագործակցության հեռանկարները

Թեկուզ պետության կողմից գիտությանը տրամադրվող միջոցները շատ քիչ են, ինչպես Սարգիսն է ասում, լուրջ գիտությամբ զբաղվելու համար, բայց գիտությունից հետ չընկնլեու համար տարբերակներ գտնում են: «Պետք է հստակ ռազմավարություն մշակել և ըստ այդմ` նպատակուղղել պետական միջոցները: Գերակա համարվող ուղղությունները զարգացնելու համար պետությունը պետք է պատվեր տա համապատասխան գիտնականերին: Բայց, ցավոք, Հայաստանում չկա նման ռազմավարություն»,-տխուր փաստն արձանագրում է երիտասարդ գիտնականը, բայց ոչ մի դեպքում չի հանձնվում: Ի ուրախություն Սարգիսի ու իր ընկերների` սահմաններ ու ազգություններ չճանաչող գիտությունը հնարավորություն է տալիս առաջ գնալ ուղեղ ունեցող, բայց փող չունեցող գիտնականին: «Իմ ասպիրանտական տարիների մեծ մասն անցկացրել եմ Պորտոգալիայում եմ: Գիտական հետազոտությունս նույնպես այնտեղ եմ արել, քանի որ կար ծրագիր ու հնարավորություններ»,-ասում է Սարգիսը ու չի փոշմանում, որ վերադարձել է հայրենիք: Այստեղից էլ կապը պորտուգալացի, ֆրանսիացի, գերմանացի, իսպանացի, ավստրացի գործընկերների հետ միշտ պահում է` կլինի համատեղ նախագծերով հանդես գալու, թե գիտաժողովներին մասնակցության մակարդակով:

Հիմա ծրագիր են պատրաստում, որը կներկայացնեն Ավստրիական զարգացման բանկին և հաստատվելու դեպքում հայ մասնագետները Վիեննայի բժշկական համալսարանի հետ մեկտեղ կիրականացնեն ախտածինների հետազոտության կրթական ծրագիր և կհետազոտեն քաղցրահամ ջրերում` մասնավորապես Սևանում ապրող այն մակաբույծները, որոնք անմիջական կապ ունեն մարդու հետ: Սևանը լինելով բազմակոմպոնենտ ռեսուրս, կարող ենք ասել, որ ուսումնասիրված չէ: Սարգիս Աղայանն ու իր գիտական խումբը փորձել ուղիներ գտնել այդ հարցը որոշ չափով լուծելու համար: Վերևում նշված նախագծից բացի, նրանք քաղցրահամ ջրի մեջ պարունակվող որոշ մակաբույծներ կուսումնասիրեն նաև իրանցի գործընկերների հետ համատեղ, որոնց հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել. « Ամեն տարի ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն հայտարարում է տարբեր երկրների հետ համատեղ գրանտեր, բայց, ինչքան հիշում եմ, վերջին տարիներին ռեգիոնալ ծրագրերի մասին որևէ հայտարարություն չի եղել: Մեր ոլորտում ռեգիոնալ համատեղ հետազոտությունները շատ կարևոր են»,-ասում է երիտասարդ կենդանաբանը:

Եթե հաստատվի գիտական խմբի մեկ այլ նախագիծ ևս, որի վրա այժմ աշխատում են, ապա հնարավոր կլինի նաև պարզել, թե անոֆելես տիպի մոծակների որ տեսակներն են վարակված մալարիայով և որ տարածաշրջաններում են հանդիպում:

Մակաբուծային հիվանդությունների տարածման «մեղավորների» բացահայտման գործում Սարգիս Աղայանի գլխավորած գիտական խումբը համագործակցում է տարբեր վիրուսաբանների հետ. համագործակցությունն ավելի սերտ է վերջերս ստեղծված ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտության խմբի հետ:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում