ՀՀ գյուղնախարարն ընդունել է Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Շաբաևին, որը Հայաստան է ժամանել Թռչնաբույծների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ներկայացնելով ոլորտի արդիական հարցերը` նախարար Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարևորել է հանրապետությունում թռչնամսի ինքնաբավության մակարդակի բարձրացումը:

Անդրադարձ է կատարվել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև ծախսերի կրճատման միջոցով թռչնամսի ինքնարժեքի նվազեցման հնարավորությանը:

Ընդգծելով, որ այսօր Հայաստանում միջոցներ են ձեռնարկվում կերարտադրության զարգացման ուղղությամբ` նախարարը կարևորել է թռչնակերի ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու հարցը: Կողմերը քննարկել են տեղական բաղադրիչների օգտագործմամբ թռչնակերի վերամշակման հնարավոր եղանակները` առավել բարձրորակ կերերի ստացման նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թռչունների գենետիկայի բարելավմանը, թռչնաբուծարանների արդյունավետ գործունեությանը վերաբերող և այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում