Freedom House-ն Ադրբեջանին կրկին դասել է ամենաանազատ երկրների շարքը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ապրիլի 28-ին հրապարակել է «Մամուլի ազատություն 2017» խորագրով զեկույցը, որում ներառված են աշխարհի 199 պետություններ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Զեկույցում ներառված երկրներում մամուլի ազատությունը գնահատվել է զրոյից 100 բալի սահմաններում:

«Ալիևյան վարչակարգն ընդլայնում է երկրի քաղաքական տնտեսական անկայունությունը, սահմանափակում քննադատությամբ հանդես եկող մամուլի գործունեությունը»,– նշում է Freedom House-ը:

Ադրբեջանը, հավաքելով 90 բալ, զբաղեցրել է 190-րդ տեղը` դասվելով ամենաանազատ երկրների շարքը:

«Ադրբեջանի իշխանություններն ամեն գնով փորձում են սահմանափակել քննադատական մամուլի մնացուկների գործունեությունը»,- ասվում է զեկույցում:

Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար ճնշում և արգելափակում են հայտնի ընդդիմադիր լրատվամիջոցների կայքերը, որոնցից են օրինակ` Meydan TV-ն և «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությունը:

«Ադրբեջանի կառավարությունը լուրջ գրաքննության է ենթարկում երկրի ներսում գործող ԶԼՄ-ների գործունեությունը, օրինակ` այդ երկրի իշխանությունները Թուրքիայի պատվերով սադրանք որակեցին և դադարեցրեցին ANS հեռուստաալիքի եթերը, որում տեղ էր գտել ԱՄՆ-ում քաղաքական վտարանդու կարգավիճակով բնակվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ելույթը»,- նշված է Freedom House-ի զեկույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում