Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է դյուրացնել վիզային ռեժիմը թուրք ընդդիմադիրների համար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն առաջարկել է դյուրացնել մուտքի վիզաների տրամադրումը Թուրքիայի ընդդիմադիր մտավորականների, արվեստագետների, լրագրողների համար:

Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին արտգործնախարարը խոսել է Մալթայում:

Գաբրիելն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել Թուրքիայի ժողովրդավարական ուժերին: «Ինչո՞ւ մուտքի արտոնագրի դյուրացում չենք առաջարկում մտավորականների, արվեստագետների, լրագրողների և հասարակական կառույցների համար: Իհարկե ոչ բոլորի, Թուրքիայի հանրաքվեի փոփոխություններին դեմ քվեարկած և ժողովրդավարական կարգեր ցանկացող հատվածի համար: Կարծում եմ` մենք չպետք է նրանց հիասթափեցնենք»,- նշել է նա:

Գերմանիայի արտգործնախարարը միաժամանակ դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում