«Հայկական Ժամանակ». Ինձ էլ բիզնեսից հարցեր մի տուր, ցավդ տանեմ. Սամվել Ալեքսանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահ է, որ իր ընտանիքի հետ կապվող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում «ՍԱՍ» սուպերմարկետի աղմկահարույց ժողովի նման ժողովներ չեն եղել: Այս մասին Սամվել Ալեքսանյանն ասել է «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում:

– Պարոն Ալեքսանյան, ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից դուք երրորդն էիք, որ շատ ձայն ստացավ իր ընտրատարածքում: Դա ինչի՞ հաշվին տեղի ունեցավ, ու ինչպե՞ս եք գնահատում ձեր հաջողությունները:

– Որովհետև մենք չենք ընտրվում…, 5 տարվա մեջ գնում, ժողովրդի հետ մեր կապը միշտ պաշտպանվում ա: Երևի դրա արդյունքն էր:

– Սպասո՞ւմ էիք, որ 42 հազար մարդ ձեզ ձայն կտա:

-Ես չեմ կարա ասեմ տոչնի ինչքան կլիներ, բայց որ սպասում էի, որ ժողովուրդն ինձ լավ ձայն կտար, սպասում էի:

-ԱԺ ընտրությունների ժամանակ և հետո ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներ եղան: Եղավ նաև «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատողների ձայնագրության հրապարակումը: Ուզում եմ իմանալ՝ ձեր ընտանիքի հետ առնչվող սուպերմարկետների ցանցում նման ժողովներ եղե՞լ են, չե՞ն եղել:

– Նման ժողովներ չի եղել:

– Մտավախություն չունե՞ք, որ ինչ-որ մեկը ձայնագրություն կհրապարակի:

– Ո՛չ, ոչ:

– Մալաթիա Սեբաստիայի թաղապետը հավակնություններ ունի Երևանի ավագանի դառնալու: Մասնակցո՞ւմ եք նրա քարոզարշավին:

– Այո:

– Ո՞նց եք գնահատում նրա շանսերը:

– Շանսերն ընտրությունից հետո արդեն ժողովուրդը, որ ձայները լավ տա, արդեն լավ կգնահատվի:

– Ընտրությունների ժամանակ ձեր նման մարդկանց վերաբերյալ ասում են, որ ճնշումներ է լինում տեղամասերում, ժողովրդի շրջանում…

– Նման բան չկա: Էդ ձեր՝ լրագրողների արածով են գրում, մենակ դուք եք գրում:

– Շատ պնդեցին, որ «Քարֆուր» սուպերմարկետը չբացվեց Դալմայում, քանի որ դուք Սամվել Կարապետյանի հետ պայմանավորվածություններ ունեիք և հիմա էլ փակման է գնում:

– Ես խաբար չեմ, ինձ էլ բիզնեսից հարցեր մի տուր, ցավդ տանեմ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում