Պետք է կանխել այս խավարը. Միշել Ֆարաոնը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: Ծիծեռնակաբերդում պատվիրակությանը դիմավորեց Մոլդովայից ժաման ած երգչախումբը, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրեց մոլդովական հոգեւոր երգ:

Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը եղավ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ նրանց ներկայացվեցին պատմության այդ ողբերգական իրադարձությունների մանրամասները, այնուհետեւ Միշել Ֆարաոնը գրառում կատարեց թանգարան-ինստիտուտի հուշամատյանում.

«Լիբանանում մենք ականատեսն ենք եղել Հայոց ցեղասպանության եւ կոտորածների հետևանքներին, եւ սատար ենք կանգնում արդարությանը եւ մեր զորակցությունն ենք հայտնում մարդկանց: Այն, ինչ մենք տեսանք այս թանգարանում, իսկապես, դժվար է հավատալ, բայց ճիշտ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է գրառման մեջ:

Միշել Ֆարաոնը տպավորված էր թանգարանի պատկերներով: Նա նշեց, որ դա տեսնելուց հետո յուրաքանչյուր մարդ ուղղակիորեն պետք է ընդունի, որ Հայոց ցեղասպանություն իսկապես եղել է: «Շատ հուզված եմ այստեղ լինելով, եւ ամենակարեւորը՝ այս ցավի մեջ ես տեսա ապրելու հույս: Ես գալիս եմ մի երկրից՝ Լիբանանից, որտեղ նույն ժամանակահատվածում շատ մեծ տառապանքներ են տեղի ունեցել ժողովրդի հետ: Այսօր եւ Հայաստանում, եւ Լիբանանում բոլորս գիտակցում ենք, որ պետք է կանխել այս խավարը: Մենք պետք է ջանք գործադրենք, որ ՄԱԿ-ի եւ այլ բարձր ատյանների միջոցով կանխ վի արյունահոսությունը»,- եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում