Ագրամունտի խոսնակը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Սորոսին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մամլո խոսնակը նրա հետ տեղի ունեցած ողջ խայտառակության համար մեղավոր է համարում ոչ թե նրան, ոչ «խավիարի» նկատմամբ նրա սերը, ոչ անգամ Ռուսաստանին, որի կազմակերպած այցը Սիրիա դե ֆակտո եղավ վերջին կաթիլը, որ լցրեց ԵԽԽՎ պատգամավորների համբերության բաժակը, գրում է panorama.am-ը:

Իսպանական El Confidencial պարբերականը ծավալուն հոված է հրապարակել, որում ներկայացրել է «խավիարի արտակարգ և լիազոր դեսպանի» ողջ գործունեությունը՝ սկսած Վալենսիայից ու այնտեղ նրա կաշառակեր ընկերներից։

Պեդրո Ագրամունտի մամլո խոսնակը պաշտպանում է Ագրամունտին ու ասում, որ այս ամենի մեղավորը Ջորջ Սորոսն է։

«Հանցագործը Սորոսն է։ Նրանք, ովքեր մեղադրում են Ագրամունտին՝ ֆինանսավորվում են այս ֆինանսական շնաձկան կողմից։ Եվրոպական կայության նախաձեռնությունն («Խավիարային դիվանագիտության» զեկույցի հեղինակ․-խմբ․) ու Սորոսի մյուս կազմակերպությունները ցանկանում են ոչնչացնել Վեհաժողովը, քանի որ այն տեղի չի տվել Սորոսի ու Հայաստանի ճնշումներին»,-ասել է Ագրամունտի մամլո խոսնակը։

Ավելին, նա կարծում է, որ Ագրամունտը տուժել է իր դեմ ուղղորդված արշավից՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին չաջակցելու համար։

Հիշեցնենք, որ նախօրեին ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց Պեդրո Ագրամունտին՝ նրան զրկելով Վեհաժողովի անունից հանդես գալու իրավունքից։ Ագրամունտն այլևս լիազորված չէ ձեռնարկել պաշտոնական այցեր, հանդիպումներ կամ անել հրապարակային հայտարարություններ` Վեհաժողովի անունից։

Այս ամենից հետո էլ, սակայն Ագրամունտը չի ցանկանում հրաժարական տալ ու անգամ համագործակցության կոչ է անում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում