Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն իր պաշտոնանկության մասին տեղեկությունները համարում է զուտ մամուլում շրջանառվող խոսակցություններ: Ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց , որ այդ թեմայի շուրջ առարկայական քննարկումներ դեռևս չկան:

«Ես կարծում եմ, որ այն բոլոր տեղեկությունները, որոնք շրջանառվում են, զուտ տեղեկություններ են, առարկայական քննարկումներ դեռ չկան: Դուք շատ լավ գիտեք, թե գործընթացներն այսօր որ փուլին են հասել»,- ասաց նախարարը` պատասխանելով լրագրողի հարցին, թե տեղեկությունների համաձայն նոր կառավարության կազմում ինքը չի լինելու:

Ինչ վերաբերում է նախարարության 5-ամյա ծրագրին, թե նախարարի հավանական պաշտոնանկությունից հետո ինչ ընթացք կունենան, Ասատրյանը նշեց, որ չի կարծում, թե այդ ծրագրերը կիսատ կմնան:

«Սրանք ինստիտուցիոնալ ծրագրեր են , առաջիկա 5 տարվա իրականացնելիք ծրագրերն են՝ կառավարության որդեգրած գծին համապատասխան, և ես կարծում եմ, որ այդ բոլոր խնդիրներն ախտորոշված են, և լուծումները նախանշված են՝ դրանք կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել, բայց մեծ հաշվով դրանք այն բոլոր կարևոր խնդիրներն են, որոնք հենց այդպես էլ պետք է լուծում ունենան, այսինքն՝ ես չեմ կարծում, որ որևէ խնդիր կա այս ծրագրերի իրականացման հետ կապված»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում