ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որոշիչ կլինի ժողովրդի կամքը. Իրանի ԱԳՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնական դերակատարում ունի երկու գործոն՝ ժամանակը և հակամարտող կողմերի տրամադրվածությունը: Ինչպես փոխանցում է Press TV-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի ակտիվ դերակատարման մաս ին հարցին:

Նրա խոսքով՝ նման հակամարտությունները չեն լուծվում միայն մեկ գործոնի շնորհիվ: «Հակամարտության կարգավորման հարցում շատ գործոններ են դեր խաղում: Վերջում դրանք բոլորը պետք է միավորվեն, որպեսզի հարցը գտնի իր լուծումը: Ուստի համարում եմ, որ կարծիքն այն մասին, որ այդ հակամարտությունը կարող է կարգավորվել մի մարդու կամ մի երկրի կողմից, ճիշտ չէ: Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն բոլոր գործոնների համադրությամբ»,- ասել է նա:

Ղասեմին ընդգծել է, որ արցախյան հակամարտության կարգավորման հիմնական գործոններից մեկը ժողովուրդն է: «Այս հակամարտության կարգավորման հարցում որոշիչ կլինի ժողովրդի կամքը»,- շեշտել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում