Զինված ուժերն ամենաբարձր պատրաստվածության են բերվել. Դավիթ Բաբայան

Ադրբեջանում այսօր մեկնարկել են մայիսի 1-5-ը նախատեսված Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ մարտական կրակով մարտավարական զորավարժությունները, որին մասնակցելու համար ապրիլի 21-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը: Զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ԶՈւ անձնակազմը, Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռներ, ինչպես նաև զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Tert.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ ուշի-ուշով հետևում են, զինված ուժերը բերվել են ամենաբարձր մակարդակի պատրաստվածության:

«Նույնիսկ դաշնակից երկրներից եթե որևէ մեկը զորավարժություն է իրականացնում, մյուսն իր զինված ուժերին պատրաստվածության ամենաբարձր մակարդակի է բերում։ Այդուհանդերձ մենք դա դիտարկում ենք որպես հերթական զորավարժություն և համապատասխանաբար վարում ենք մեր քաղաքականությունը։ Եթե որևէ սադրանք լինի, ապա պատասխանը կտրվի»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը և Թուրքիան միշտ էլ ռազմաքաղաքական շատ սերտ համագործակցություն են իրականացնում և նորություն չէ, որ Թուրքիան միշտ ապակառուցողական դեր է կատարում տարածաշրջանում:

Դավիթ Բաբյանը հիշեցրեց նաև, որ նախորդ տարի Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին հաջորդեց Ապրիլյան պատերազմը.

«Թուրքիան միշտ էլ Ադրբեջանին ուղղորդել է ռազմական գործողությունների: Օրինակ՝ 1991-1994 թ-ին Արցախյան պատերազմի ժամանակ, Թուրքիայից բազմաթիվ զինվորականներ, իրենց գլխավոր շտաբի գեներալներ, գնդապետներ, ահագին մարդիկ ադրբեջանական բանակն էին կազմավորում, ինչպես արհեստականորեն ստեղծեցին Ադրբեջանը։ Ավելին՝ Թուրքիայից բազմաթիվ գրոհայիններ են այցելել Արցախ, ռազմաճակատ, Արցախի դեմ պայքարում էին «Գորշ գայլեր» և այլ ահաբեկչական խմբավորումների անդամներ, նունը տեղի ունեցավ ապրիլին։ Ապրիլին ահաբեկչական թուրքական կազմավորումներ էին այստեղ, իսլամական պետության գրոհայիններ, որոնք խոսում էին արաբերեն և, իհարկե, այս ամենն, անկասկած, Թուրքիայի խողովակով է։ Թուրքիան միակ պետություններ էր, որ հորդորում էր Ադրբեջանին դիմել այդ ապակառուցողական քայլին»,- մանրամասնեց նա:

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը կրում են մեկ ազգ –երկու պետություն գաղափարախոսությունը, հետագայում կփորձեն մեկ ազգ-մեկ պետություն գաղափարախոսությանը հետևել, բայց դա չի նշանակում, որ հաջողություն են գրանցելու:

«Թուրքիան նման պահվածքով լուրջ վնաս է հասցնում ՆԱՏՕ-ին։ Փաստորեն, ստացվում է, որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Թուրքիան ՆԱՏՕ-ին «պադստավա» է անում։ Դաշինքը հայտնվում է մի իրավիճակում, որտեղ, փաստորեն, նրա անդամներից մեկն ապակառուցողական քաղաքականությամբ խախտում է կանոնակարգը։ Ստացվում է՝ կա՛մ ՆԱՏՕ-ն չի կարողանում վերահսկել անդամներից մեկի քաղաքականությունը, կա՛մ Թուրքիան է իր վարքագիծը բարդում ՆԱՏՕ-ի վրա։ Բայց, իհարկե, Հյուսիսատլանտյան դաշինքը չի ուզում, որ նման զարգացումներ լինեն և ընդգծում է խաղաղ կարգավորման մասին»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ այս քաղաքականությամբ Թուրքիան ցույց է տալիս նաև իր իրական մտադրությունները Իրանի և Ռուսաստանի մասով:

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը ևս խախտում է միջազգային պայմանավորվածությունները, ինչն արեց այս տարի ապրիլին զորավարժությունների ընթացքում ևս:

Հիշեցենք, որ ապրիլի 16-21-ը Ադրբեջանը մեծամասշտաբ զորավարժություն է անցկացրել՝ 30 հազար զինծառայողների մասնակցությամբ: Զորավարժությանը ներգրավվել էին 200 միավոր հրթիռահրետանային միջոցներ, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա: Ապրիլի 19-20-ին անցկացվել է զորավարժության մարտական կրակով ակտիվ փուլը: Կրակային վարժանքներին ներգրավվել էին նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում