Մակրոնը վարչապետի պաշտոնում տեսնում է նաեւ կին թեկնածուի

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում երկրի վարչապետի պաշտոնում կարող է նշանակել կնոջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է BFMTV հեռուստաալիքի եթերում: 

«Այժմ մտքումս կան երկու- երեք թեկնածուներ, նույնիսկ երկու թեկնածու: Բայց առայժմ չեմ հայտարարի՝ ովքեր են նրանք: Պարզապես լուրջ չի լինի ընտրություններում չհաղթած հայտնել վարչապետի անունը»,-ասել է Մակրոնը նկատի ունենալով իր մրցակցի՝ Մարին լե Պենի արած հայտարարությունը, որն օրերս արդեն հայտնել է, որ իր վարչապետը կդառնա «Հառա՛ջ, Ֆրանսիա» շարժման առաջնորդ Նիկոլյա Դյուպոն Էնիյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մակրոնն ասել է, որ իր հաղթելու դեպքում «նոր վարչապետ կարող է դառնալ կին»: Այդ կապակցությամբ ավելի վաղ ԶԼՄ-ներում նշվում էր Սեգոլեն Ռուայալի անունը, որը քանիցս նախարարական պաշտոններ է զբաղեցրել եւ ներկայում բնապահպանության, կայուն զարգացման, էներգետիկայի եւ ծովի նախարարն է: Ռուայալն արդեն հայտարարել է Մակրոնի թեկնածությունը պաշտպանելու մասին եւ հայտնվում է նրա հանրահավաքներում:

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ Մակրոնը կարող է վարչապետ նշանակել նաեւ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուին, որը նույնպես նրան աջակցում է ընտրություններում: «Ես կառավարության անդամներին ընտրելու եմ՝ ելնելով ոչ թե նրանց քաղաքական կշռից ու հայտնիությունից, այլ նրանց կոմպետենցիայից»,-ընդգծել է Մակրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում