Ֆիյոնը որոշել է ժամանակավորապես հեռանալ քաղաքական կյանքից

Նախագահական ընտրություններում «Հանրապետականներ» կուսակցության նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնել իր քաղաքական գործունեությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է Փարիզի Քիմիայի տանն ընտրողների հետ կայացած հանդիպմանը: 

«Ես այժմ մտադիր եմ մի կողմ քաշվել եւ այնտեղից հետեւել տեղի ունեցող ամեն ինչին»,- ասել է Ֆիյոնը BFM TV հեռուստաալիքի եթերում: Նա այս առնչությամբ հայտնել է, որ մտադիր չէ մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, որոնք երկրում տեղի կունենան հունիսին:

Խոսելով մայիսի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին՝ Ֆիյոնը կոչով դիմել է ավելի վաղ իրեն պաշտպանած ֆրանսիացիներին՝ քվեարկության ժամանակ «ղեկավարվելու առողջ դատողությամբ»: «Տնտեսության ոլորտում «Ազգային ճակատի» ծրագիրն անխուսափելիորեն կքայքայի Ֆրանսիան»,- ընդգծել է «Հանրապետականներ» կուսակցության նախկին թեկնածուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում