Չեխիայի կառավարությունը հրաժարական է տալիս

Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան հայտարարել է, որ այս շաբաթ կընդունի իր կառավարության հրաժարականը ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիսի հետ ունեցած տարաձայնության պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն:

Հրաժարականի մասին հայտարարությունն արվել է խորհրդարանական ընտրություններից շուրջ վեց ամիս առաջ:

Վարչապետը հայտնել է, որ առաջիկա օրերին կհանդիպի նախագահ Միլոշ Զեմանին` պաշտոնապես հրաժարական տալու նպատակով:

Չեխիայում շուրջ երեք տարի Սոբոտկայի ղեկավարությամբ գործում էր կայուն կոալիցիա, սակայն այդ կայունությունը խարխլվեց նրա ու Բաբիսի միջև մրցակցության պատճառով:

Այն բանից հետո, ինչ լուրեր տարածվեցին, որ Բաբիսը խուսափում է մուծել իր սեփական ընկերության պարտատոմսերի հետ կապված հարկերը, Սոբոտկան հայտարարեց, որ անընդունելի է նրա պաշտոնավարումը որպես ֆինանսների նախարար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում