Խաչատուրովն առաջնահերթ է համարել ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով այդ պաշտոնում նշանակվել է 2017 թվականի ապրիլի 14-ին Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ, անցել է իր պարտականությունների կատարմանը: Խաչատուրովն այսօր հանդիպել է կազմակերպության կենտրոնակայանի անձնակազմին: Խոսելով իր գործունեության առաջնահերթությունների մասին՝ նա նշել է, որ ամենակարևորը ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության հետագա ամրապնդումն է:

«Մեր խնդիրն է մշտապես հետևել ՀԱՊԿ-ի գլխավոր սկզբունքին՝ մեկը բոլորի և բոլորը մեկի համար»,- ասել է Խաչատուրովը:

Մայիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի կազմակերպության Մշտական խորհրդի նիստին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ` Խաչատուրովը մայիսի 2-ին ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում