ԱՄՆ-ի պետքարտուղարը «շատ կառուցողական» է որակել Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը շատ կառուցողական հեռախոսազրույց են անցկացրել եւ հանգամանորեն կարծիքներ են փոխանակել մի շարք հարցերի շուրջ: Այդ մասին, ինչպես հայտնել է Associated Press գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Դա շատ կառուցողական հեռախոսազրույց էր… Շատ, շատ դրական խոսակցություն, կարծիքների հանգամանալի փոխանակություն»,– ասել է Թիլերսոնը լրագրողներին ու հավելել. «Եվ այսպես, տեսնենք՝ դրանից ինչ կստացվի»:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների միջեւ կայացած հեռախոսազրույցի մասին հայտնի է դարձել մայիսի 2-ի երեկոյան: Կրեմլում նշել են, որ Պուտինը Թրամփի հետ քննարկել է միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գործողությունների համակարգումը, Սիրիայում կարգավորման իրական գործընթացի գործարկման համար նախադրյալների ստեղծումը եւ Կորեական թերակղզու իրադրությունը:

Պուտինը եւ Թրամփը հանդես են եկել հեռախոսային շփումների շարունակման, ինչպես նաեւ անձնական հանդիպման կազմակերպման օգտին՝ կապված հուլիսի 7-8-ին Համբուրգում «Քսանի խմբի» գագաթնաժողովի նիստի հետ:

Իր հերթին, Սպիտակ տան հայտարարության մեջ ասված է, որ «զրույցը շատ լավն էր», եւ դրա ընթացքում քննարկվել է Սիրիայում անվտագության գոտիների ստեղծման հարցը «կայուն խաղաղության հասնելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում