ՌԴ-ն եւ Թուրքիան զենքի համատեղ ստեղծման նախագծեր են քննարկում

Սպառազինությունների ռուսաստանյան հատուկ արտահանող «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) թուրք գործընկերների հետ քննարկում է զենքի հեռանկարային նմուշերի ստեղծման մի շարք նախագծեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ընկերության մարկետինգային գործունեության դեպարտամենտի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը: 

«Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը հետաքրքրվում է ռազմական նշանակության լայն ընդգրկման արտադրանքով, մասնավորապես, տարբեր հեռահարության ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերով: Բացի այդ, մենք տեխնոլոգիական գործընկերության մի շարք նախագծեր ենք քննարկում զենքի հեռանկարային տեսակների համատեղ մշակումների եւ արտադրության բնագավառում»,– Գոնչարովի խոսքը մեջբերում է ընկերության մամուլի ծառայությունը:

Նա հավելել է, որ «Ռոսօբորոնէքսպորտը» 2016 թվականի վերջից թուրք գործընկերների հետ ակտիվորեն կոնսուլտացիաներ է վարում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մատակարարումների շուրջ:

Մամուլի ծառայությունում նաեւ հայտնել են, որ ընկերությունը միասնական ռուսաստանյան ցուցադրանքի կազմակերպիչն է պաշտպանական արդյունաբերության IDEF-2017 միջազգային ցուցահանդեսում, որն Ստամբուլում տեղի է ունենալու մայիսի 9-ից մինչեւ 12-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում