Քաբուլում մահապարտը գրոհել է ՆԱՏՕ-ի զրահափոխադրիչների շարասյան վրա

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտը պայթյուն է իրականացրել ՆԱՏՕ-ի զրահափոխադրիչների շարասյան մոտ: Հարձակման զոհ է դարձել առնվազն ութ մարդ: Նշվում Է ամերիկացի երեք վիրավոր զինվորների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ութ զոհվածների մասին BBC-ին հայտնել է կառավարության ներկայացուցիչը: Եվս 25 մարդ վերքեր են ստացել, նրանք հիմնականում տեղացի բնակիչներ են:

ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կապիտան Բիլ Սալվինը Reuters գործակալությանը հայտնել է, որ վիրավորվել են ամերիկացի երեք զինծառայողներ: Նա ճշտել է, որ զրահափոխադրիչները գրոհից հետո կարողացել են վերադառնալ ռազմակայան:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ պայթյունն առավոտյան որոտացել է Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու: Գրոհի թիրախը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության զրահափոխադրիչների շարասյունն էր: Պայթյունը ոչնչացրել կամ վնասել է մի քանի ավտոմեքենա, որոնք գտնվում էին անցնող շարասյան մոտ:

Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել գրոհի պատասխանատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում