ԵԱՀԿ-ն Ասկերանի շրջանի ուղղությամբ դիտարկում է անցկացնելու

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավ-արևելք: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում