Քաբուլում պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ խմբավորումը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ՆԱՏՕ-ի առաքելության զրահափոխադրիչների շարասյան վրա հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչի մասին հայտնել է Reuters գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչը BBC-ին հայտնել է ութ զոհվածների մասին: Եվս 25 մարդ վերքեր են ստացել, նրանք հիմնականում տեղացի բնակիչներ են:

ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կապիտան Բիլ Սալվինը Reuters գործակալությանը հայտնել է, որ վիրավորվել են ամերիկացի երեք զինծառայողներ: Նա ճշտել է, որ զրահափոխադրիչները գրոհից հետո կարողացել են վերադառնալ ռազմակայան:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ պայթյունն առավոտյան որոտացել է Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու: Գրոհի թիրախը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության զրահափոխադրիչների շարասյունն էր: Պայթյունը ոչնչացրել կամ վնասել է մի քանի ավտոմեքենա, որոնք գտնվում էին անցնող շարասյան մոտ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում