Մեծ Բրիտանիան հրաժարվել է 100 մլրդ եվրո վճարել ԵՄ-ից դուրս գալու համար

Մեծ Բրիտանիան 100 մլրդ եվրո չի վճարի Brexit-ի համար: Այդ մասին, ինչպես հայտնել է Reuters-ը, հայտարարել Է Եվրոպական միությունից թագավորության դուրս գալու հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մեզ հարկավոր է մանրակրկիտ քննարկել, թե որոնք են մեր իրավունքներն ու պարտականությունները»,– պարզաբանել է նա: Նախարարը նաեւ նշել է, որ բրիտանական կառավարությունը Բրյուսելից դեռ տեղեկատվություն չի ստացել այն մասին, թե կոնկրետ ինչ գումար է հարկավոր վճարել ԵՄ-ից դուրս գալու համար:

The Financial Times-ն ավելի վաղ գրել է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան պնդում են 100 մլրդ եվրո գումարի վճարումը:

Ապրիլի 27-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բրիտանացիներին նախազգուշացրել է, որ նրանք չգայթակղվեն Brexit-ից հետո ԵՄ-ում իրենց իրավունքների առումով:

«Կողմնակի պետությունը, որպիսին կդառնա Բրիտանիան, չի կարողանա եւ չի ունենա նույն այն իրավունքները, որ ունեն Եվրամիության անդամները,- հայտարարել է կանցլերը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:- Ես այժմ պետք Է որքան կարելի է պարզորոշ ասեմ, որովհետեւ, ինչպես տեսնում եմ, Մեծ Բրիտանիայում ոմանք որոշակի պատրանքներ են տածում. դա ժամանակի զուր կորուստ Է»:

Գերմանական կառավարության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ ԵՄ-ի նկատմամբ Լոնդոնի ֆինանսական պարտավորությունները քննարկվելու են բանակցությունների առաջին փուլում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում