Կարինե Դանիելյան. «Կլիմայի փոփոխություններին հարմարվելու համար մարդիկ քաղաքաշինությունը պետք է հարմարեցնեն, կենցաղը»

Երկրագնդի մթնոլորտը այն պաշտպանությունն է հանդիսանում տիեզերական անցանկալի ազդեցություններից, որն ապահովում է մեր անվտանգ և առողջ կյանքը: Մինչև վերջերս մարդիկ չէին գնահատում այդ պաշտպանիչ շերտի կարևորությունը իրենց և իրենց սերունդների համար։ Այն ամենը, ինչ մարդկությունը արեց և անում է հարմարավետ ու բարեկեցիկ կյանք ունենալու համար բերել է մի այնպիսի իրավիճակի, երբ գիտնականներն ու բնապահպանները միասին ահազանգում են Երկրագնդի կլիմայի անխուսափելի և վտանգավոր փոփոխությունների մասին։ Դրանք միանշանակ անդրադառնում են մարդու անվտանգության և առողջության վրա։ Հենց այդ անդրադարձերի մասին, ինչպես նաև այն գործողությունների մասին, որոնք կարող է իրականացնել մարդը՝ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները նվազեցնելու կամ չեզոքացնելու համար, խոսեցինք աշխարհագրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, հանուն կայուն զարգացման կազմակերպության նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյան հետ։

– Տիկին Դանիելյան, ինչպիսի՞ կլիմայական փոփոխություններ են տեղի ունենում մեր երկրում, և ինչպես՞ է ազդում կլիմայի ընդհանուր փոփոխությունը կոնկրետ Հայաստանի վրա:

Միջին գլոբալ ջերմաստիճանը ամբողջ աշխարհում հետզհետե բարձրանում է։ Հայաստանում այն դեռևս կարելի է ասել նույն մակարդակի` է 0.4° C աստիճան ավելացում՝ վերջին տասնամյակի ընթացքում։ Սակայն Երևանում վիճակը տարբեր է` 0.7° C աստիճանով բարձրացում։ Իմ պատկերացմամբ, սա տեղի է ունեցել մեր սխալ քաղաքաշինության արդյունքում:

Միջին ջերմաստիճանի բարձրացումը իրականություն է, դա ֆիքսվում է մասնագետների կողմից։ Կլիմայի մասին Փարիզի համաձայնագրի մեջ նշվում է, որ եթե այդ փոփոխությունը հասնի 2 աստիճանի, այն կդառնա արդեն խիստ վտանգավոր աշխարհի համար՝ քանի որ կլիմայի փոփոխությունները այն աստիճանի կհասնեն, որ մեր այսօրվա ադապտացիոն հնարավորությունները թույլ չեն տա մեզ ժամանակին հարմարվելու դրանց և մարդկությունը կկանգնի կործանման խնդրի առջև։ Փարիզյան համաձայնագրով մարդկությունը պետք է ջանքեր գործադրի սահմանափակելու ջերմաստիճանի բարձրացումը գոնե մեկ ու կես աստիճանով։ Այս պրոցեսը վտանգավոր է մարդու գործունեության բոլոր ոլորտների համար, սակայն գյուղատնտեսության համար վտանգը ամենակարևորն է այս պարագայում։ Մարդը և կենդանիները իրենց հարմարեցնում են կլիմայի փոփոխություններին ինչ-որ ձևով, մինչդեռ բուսական աշխարհի հարմարվելու պրոցեսը շատ ավելի երկարատև է։

Կլիմայի փոփոխություններին համարվելու համար մարդիկ քաղաքաշինությունը պետք է հարմարեցնեն, կենցաղը։ Ի վերջո կարելի է դա անել, բայց եթե ջերմաստիճանային կայունությունը խախտվում է, և ջերմաստիճանը սկսում է անկանոն փոփոխվել, մեծանում է ջերմաստիճանների սեզոնային տարբերությունը (ամառը շատ բարձր է, ձմեռը հակառակը՝ իջնում է), կամ գարնանը մենք կարող ենք ունենալ կամաց-կամաց ջերմաստիճանի բարձրացում, հետո խիստ անկում, դա լուրջ հարված է դառնում գյուղատնտեսության համար։ Մենք արդեն ականատես ենք եղել նման երևույթների վերջին տարիներին։ Ջերմաստիճանային նման կտրուկ փոփոխությունները հանդիսանում են նաև հիվանդացության բարձրացման պատճառներ:

– Որո՞նք են այն ազդակները, որոնցով արտահայտվում է կլիմայի փոփոխության ազդեցությունը մեր երկրում, ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ, և ի՞նչ վտանգներ են պարունակում այդ փոփոխությունները մեր երկրի համար, մասնավորապես մարդկանց համար:

Առաջին ազդակը, որը միևնույն ժամանակ, ամենակարևորներից մեկն է, դա երկրի ջերմային ռեժիմն է։ Սեզոնային ջերմաստիճանները միապաղաղ չեն, նրանք փոփոխվում են այսպես կոչված «ալիքներով»։ Այդ ջերմային ալիքների վերաբերյալ իրականացվում են հատուկ ուսումնասիրություններ։ Դա արվում է, քանի որ մի քանի օր իրար հետևից նորմայից բարձր ջերմաստիճանի պահպանումը, հատկապես ամառվա ամիսներին, բերում է տարբեր առողջապահական խնդիրների, առավելապես սիրտ-անոթային համակարգի կողմից։ Այդ օրերին շտապօգնության կանչերը խիստ աճում են, իսկ ձմռան սառնամանիքների ժամանակ ավելանում են սուր ինֆեկցիոն հիվանդությունների և ցրտահարությունների քանակները։ Հայաստանում ջերմային ալիքները հիմնականում ֆիքսվում են Երևանում, Արարատում և Մեղրիում, որտեղ այդ երևույթներն ամենացայտուն կերպով են արտահայտվում:

Հաջորդ վտանգավոր երևույթը աղետներն են, որոնց քանակը վերջին տասնամյակների ընթացքում սաստիկ աճել է։ Այս հանգամանքը շատ է անհանգստացնում ոչ միայն այն երկրներին, որտեղ տեղի են ունենում աղետները, այլ ամբողջ մարդկությանը՝ ի դեմ ՄԱԿ-ի անդամ պետությունների։ Պատահական չեն թե՛ Փարիզի հայտնի համաժողովը, թե՛ ստորագրված միջազգային կոնվենցիաները։ Այս գործընթացների վերաբերյալ ամեն երկիր իր հաշվետվությունն է ներկայացնում, այդ թվում նաև մեր երկիրը։ Այստեղ շատ կարևոր է նշել, որ աճ է գրանցվում ոչ միայն բնական աղետների։ Ավելի շուտ, բնական աղետները միայն բնական այլևս չեն մնում, նրանք կամ միանում են տեխնածին աղետներին, կամ նպաստում են դրանց, կամ պատճառ են հանդիսանում։ Հիշենք Ճապոնական Ֆուկուսիմա քաղաքը, որտեղ երկրաշարժի պատճառով բարձրացած ցունամին բերեց ատոմակայանի վթարի ու ռադիացիայի տարածման։ Կամ, եթե առկա է պոչամբար, իսկ, օրինակ, Հայաստանի տարածքում արդեն կան 21 թունավոր պոչամբարներ, ապա խիստ աճում է սելավների/հեղեղումների պատճառած վնասը: Հիշենք Արթիկի դեպքը. չնայած որ սելավի պատճառով քանդված այդ թափոնների պոլիգոնը միայն քարեր էր պարունակում, բայց էլի մեծ վնաս հասցրեց, քանի որ ջուրը քանդեց պոլիգոնը ու այդ քարերը բերեց լցրեց քաղաքի վրա:

90–ական թվականների սկզբին Դաստակերտում ունեցանք մի աղետալի երևույթ, երբ սելավը քանդեց այնտեղի հանքավայրի պոչամբարը, խառնվեց հետը, և այդ թունավոր նյութերով հագեցած սելավաջուրը եկավ լցվեց այդ տարածքը խմելու ջրով ապահովող ջրամբար։ Դրանից օգտվում էին կողքի գյուղերը և զորամասը և բավականին թունավորումներ եղան:

Կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի աճի ոլորտում մոնիտորինգը ամեն տարի տարբեր տեսակի ռեկորդներ է գրանցվում` այս տարի ռեկորդային է ջերմաստիճանի բարձրացումը և տարածքների արիդիզացումը, մյուս տարի ռեկորդային է աղետների ռիսկայնության աճը։ Կարելի է ասել, որ աղետների քանակը կրկնապատկվում է ամեն 4-5 տարին մեկ: Դա մոլորակի պատասխանն է մարդու գործունեությանը: Մոլորակի այս անկյունում ջերմաստիճանի բարձրացում է տեղի ունենում, որի հետևանքով հրդեհներ են տեղի ունենում, մյուս տարածքում, որը այնքան էլ հեռու չէ, հակառակն է, տեղի են ունենում սելավներ, սողանքներ և այլն:

Մասնագետների կողմից հաշվարկներ են կատարվել, թե ինչքան են ազդում կլիմայի փոփոխությունները թե՛ մարդու, և թե՝ տնտեսության վրա։ Դա ակներև է, քանի որ ամեն աղետ բերում է ենթակառուցվածքների, արտադրական հզորությունների տարբեր աստիճանի վնասմանը/ոչնչացմանը, չհաշված մարդկային զոհերն ու հիվանդացության մակարդակի կտրուկ բարձրացումները։

Իսկ թե ինչպե՞ս պայքարել․ առաջին և ամենակարևոր հերթին մեր ամբողջ գործունեությունը պետք է բնապահպանական ուղղվածություն ստանա։ Եվ դա միայն ջերմաստիճանի բարձրացման հետ չէ կապված։ Կլիմային փոփոխության կոնվենցիան հիանալի փաստաթուղթ է և մարդկությունը իրականացնում է այն, բայց գիտությունը եկել է այն եզրակացության, որ բնական վիճակում պահպանված տարածքները, տարբեր էկոհամակարգերը, դրանց քանակը՝ անմիջապես ապահովում է այդ տարածաշրջանի բնապահպանական կայունությունը: Եթե մարդը վերացնում է դա, ուրեմն նա մտնում է անկայուն ժամանակահատված և փոփոխությունների գործընթացն անկառավարելի է դառնում։

Եվրոպան ժամանակին սկսեց ջնջել իր բնական էկոհամակարգերը, իսկ հիմա քայլ առ քայլ վերականգնում է՝ վերադարձնելով կենդանական և բուսական տեսակները։ Բնական էկոհամակարգերը բավականին դժվար են վերականգնվում, բայց սկզբունքորեն դա հնարավոր է:

-Որո՞նք են այն նախանշանները, որ թույլ կտան ոչ միայն այս ոլորտի մասնագետին, այլ հասարակ քաղաքացուն գիտակցել, որ իր անմիջական միջավայրում կլիմայի փոփոխություն է տեղի ունենում, ինչպե՞ս կողմնորոշվի՝ վտանգներից զերծ մնալու համար:

Առաջին հերթին, պետք է նշեմ, որ ցանկացած ոգ պետք է մասնակից դառնա կլիմայի փոփոխության կանխարգելմանը։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ խնայողության միջոցով։ Պետք է սահմանափակել ջրի օգտագործումը, այլ ոչ թե ջրի խողովակը բաց թողնել և անիմաստ ջուր կորցնել։ Աղբը պատուհանից դուրս նետելու փոխարեն տարանջատի այն և հնարավորություն տա վերամշակման։ Խնամքով վերաբերվի անտառների և քաղաային կանաչ տարածքների նկատմամբ: Այս փոքրիկ կանոնները պահպանելով արդեն կարելի է նվազեցնել կլիմայի փոփոխության ռիսկերը։ Իսկ լայնածավալ կանխարգելումը պետք է իրականացվի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով։ Շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք թափոնները տարանջատող աղբամաններ ունենալ, ինչպես այլ երկրներում,: աղբի վերամշակումը ոչ միայն կմաքրի երկիրը, այլ նաև կարող է լուրջ եկամուտ ապահովել նրան։

Կանխարգելումից բացի ևս մեկ շատ կարևոր գործոն կա՝ դա հարմարվելն է։ Կլիման արդեն փոխվում է, և մարդը ուզի թե ոչ, պետք է հարմարվի դրան։ Դա կարելի է անել հետևելով մի քանի պարզ կանոնների․ հագուստը պետք է համապատասխանի ոչ միայն օրացույցին, այլ նաև իրական եղանակային պայմաններին: Մեր երկրում արևի ճառագայթումը միշտ բավականին հզոր է եղել, իսկ վերջին տարիներին էլ ավելի է հզորացել։ Հետևաբար, եթե պետք է արևի տակ երկար մնաք՝ ծածկեք գլուխն ու մարմինը, իսկ ավելի լավ է՝ աշխատեք խուսափել արևից և ավելի շատ ստվերում եղեք։ Բնակարանի կամ աշխատասենյակի ջերմաստիճանն ու խոնավությունը պահպանեք նորմալ միջակայքում:

Ձմռանը մեր երկրի որոշ քաղաքացիներ իրենց հանգիստը անցկացնում են արևադարձային երկրներում, ինչը վտանգավոր է մարդու առողջության համար, ինչքան էլ դա զարմանալի չհնչի։ Քանի որ տեղի են ունենում կտրուկ փոփոխություններ մարդուն շրջապատող միջավայրում՝ ցրտից տաք, և հակառակը։ Դա բերում է օրգանիզմի բնականոն գործունեության խախտումների, որոնք կարող են տարբեր տեսակի սուր և քրոնիկ հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանալ:

Շատ կարևոր է ադապտացումն իրականացնել երկրներում իրականացվող տնտեսական գործունեության կողմից` հատկապես գյուղատնտեսության և քաղաքաշինության ոլորտներում:

-Ի՞նչ է պետք անել կլիմայի փոփոխության ժամանակ, որպեսզի դրա հետ կապված ռիսկերը նվազեն:

Դեռևս 1992 թվականից ՄԱԿ-ի կողմից իրականացվում է «Կողմնորոշում դեպի կայուն զարգացում» գործընթացը, որի ամենավառ դրսևորումն է, 2015 թվականին Գլխավոր ասամբլեայի մակարդակով հաստատված «Վերափոխենք մեր աշխարհը. Մինչև 2030թ. կայուն զարգացման օրակարգ» ծրագիրը։ Ծրագիրն իր մեջ ներգրավել է, կարելի է ասել, բոլոր վերոնշյալ հիմնախնդիրների լուծման անհրաժեշտ ուղղությունները: Այն պարունակում է 17 հիմնական նպատակներ, որոնք և՛ տնտեսական են, և՛ սոցիալական, բայց հիմնականում էկոլոգիական ուղղվածություն ունեն։ Դրանց ներքո ձևակերպված են 169 ենթանպատակներ՝ իրենց ցուցիչներով։ Երկրները պարտավորություն են վերցրել՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագիրը հասցնել ամբողջ աշխարհին, մոլորակի բնակչության բոլոր անդամներին։ Մենք բոլորս պետք է դրա մասնակիցը դառնանք։ Պետք է վերջապես հասկանանք, որ մոլորակը և մեզ փրկելու այլ ճանապարհ չունենք։ Այս հարցը հատկապես արդիական է երիտասարդության համար, քանի որ այսօրվա երիտասարդությունը՝ մոլորակի ապահով ապագայի երաշխիքն է:

-Ինչ՞ է արվում առհասարակ աշխարհում և մասնավորապես մեր երկրում կլիմայի փոփոխության ռիսկերը նվազեցնելու համար: Հայաստանում ո՞ր մասն է իրականացված, իսկ ո՞ր մասն է դեռ ծրագիր:

Այսօրվա դրությամբ աշխարհում արդեն շատ մեծ դրական փորձ կա կուտակված։ Մշակվում են նոր տեխնոլոգիաներ, իրականացվում են տարբեր, բազմաբովանդակ միջոցառումներ։ Սակայն մարդկությունը՝ իր ամբողջ ներուժով դեռևս չի հասցնում այն բացասական փոփոխությունների հետևից, որոնք տեղի են ունենում մոլորակի վրա: Ուստի, միջազգային հանրության կողմից՝ ՄԱԿ-ի “Ռիո+20” գագաթաժողովում (2012 թ.) կոչ արվեց երկրներին՝ էլ ավելի ակտիվացնել դեպի կայուն զարգացում վերափոխվելու գործունեությունը: Հայաստանի ոլորտի հասարակական գործիչներն ու կազմակերպությունները դիմեցին կառավարությանը՝ համապատասխան հանձնաժողով ստեղծելու առաջարկով։ ՀՀ վարչապետի որոշմամբ 2014 թվականին ստեղծվեց, Միջգերատեսչական հանձնաժողով ՀԿ-ների և փորձագետների մասնակցությամբ, որը մշակեց “Ռիո+20” գագաթաժողովի հանձնարարականների կատարման ռազմավարության հայեցակարգ, ընտրելով Հայաստանի համար ամենախոցելի հիմնախնդիրները և հիմնվելով Երևանում և մարզերում կազմակերպված 24 կլոր սեղան-քննարկումների արդյունքում այդ հիմնախնդիրները լուծելու վերաբերյալ մշակված առաջարկությունների վրա: Այդ հայեցակարգը հիմք է հանդիսանալու «Վերափոխենք մեր աշխարհը. Մինչև 2030թ. կայուն զարգացման օրակարգ» ծրագրի, կայուն զարգացման 17 նպատակների տեղայնացման և իրականացման համար:

Նյութը պատրաստվել է Եվրոպական Միության և Ավստրիական Կարմիր Խաչի ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հասարակական Ձայն» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական Միության տեսակետները։

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում