«Հայկական Ժամանակ». Ծառուկյանը հուսահատ փորձեր է արել կանխելու սկանդալային այս պրոցեսը

«Հայկական Ժամանակ»-ում կարդում ենք. «Նախօրեից բուռն իրադարձություններ տեղի ունեցան «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շուրջ. 23 պատգամավորի անունից դաշինքը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԿԸՀ, մինչդեռ անմիջապես դրանից հետո այդ ցանկում ներառված անձինք սկսեցին հերթով ԶԼՄ-ներին հայտնել, որ իրենք մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել:

Երեկ արդեն ԿԸՀ նիստի ընթացքում 12 հոգի նոր դիմում ներկայացրին, որով հայտնում էին, որ չեն հրաժարվում իրենց մանդատներից: Նիստից հետո հայտնի դարձավ, որ նրանցից ութի դիմումը բավարարվել է՝ կստանան մանդատները: Նրանք են՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան և Վահան Կարապետյան: Մանդատ չեն ստանա Մուշեղ Սաղաթելյանը, Ալիկ Եղիկյանը, Մանուկ Սուքիասյանը, Հրանտ Դավթյանը: Տիգրան Մուկուչյանի մեկնաբանությամբ նրանց մանդատ չհասավ «Ծառուկյան» դաշինքի ստացած ձայների հաշվարկի արդյունքում»:

…Այս ամբողջ ընթացքում «Ծառուկյան» դաշինքի մամուլի խոսնակը մեկնաբանություն չի արել: ԲՀԿ-ից իրավիճակը բավական անլուրջ մեկնաբանեց միայն Վարդան Բոստանջյանը՝ «Tert.am»-ի հետ զրույցում ասելով՝ ինչ կա որ, հնարավոր է մարդիկ սկզբում մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել, հետո փոշմանել են: ԿԸՀ նիստի ընթացքում լուր եղավ, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը Նապոլեոն Ազիզյանի տանն է: Ճիշտ է, վերջինս այդ այցը մեկնաբանեց որպես բարեկամական տեսակցություն հիվանդին, սակայն ակնհայտ է, որ Ծառուկյանն ամեն դեպքում հուսահատ փորձեր է արել կանխելու սկանդալային այս պրոցեսը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում