Հեռուստաբանավեճից հետո Մակրոնի վարկանիշը բարձրացել է

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում բարձրացել է մեկ տոկոսային կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են OpinionWay ընկերության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են մայիսի 4-ին:

Հետազոտության տվյալների համաձայն, Մակրոնի վարկանիշը բարձրացել է մինչեւ 61 տոկոս: Նախօրյակին այդ ցուցանիշը կազմում էր 60 տոկոս: Նրա մրցակցի՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի օգտին պատրաստ Է իրենց ձայնը տալ ընտրողների 39 տոկոսը՝ 1 տոկոսային կետով պակաս, քան մայիսի 3-ին:

Հարցումը Les Echos հանդեսի եւ Radio classique-ի պատվերով անցկացվել է OpinionWay եւ ORPI ընկերությունների կողմից:

Հարցմանը մասնակցել են Ֆրանսիայի 2 հազար 264 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում: Հարցումն անցկացվել է մայիսի 1-ից մինչեւ 3-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում