Մակրոնն ընտրություններում հաղթելու դեպքում հաջողությունը նշելու է Լուվրի մերձակա հրապարակում

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն ընտրություններում հաղթելու դեպքում իր հաջողությունը կողմնակիցների հետ միասին մտադիր է նշել փարիզյան Լուվր թանգարանի մերձակա հրապարակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է BFMTV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Մակրոնի թիմը հաղթական հանրահավաքի անցկացման վայր է ընտրել Լուվրի Էսպլանադան: Հրապարակը բոլոր կողմերից շրջապատված է համանուն թագավորական պալատով, որը ներկայում աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկն է:

Հրապարակի կենտրոնում նշանավոր ապակե բուրգն է, որը ծառայում է որպես թանգարանի կենտրոնական մուտք:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում բարձրացել է մեկ տոկոսային կետով, ինչի մասին վկայում են OpinionWay ընկերության հարցման՝ մայիսի 4-ին հրապարակված տվյալները:

Հետազոտության տվյալների համաձայն, Մակրոնի վարկանիշը բարձրացել է մինչեւ 61 տոկոս: Նրա մրցակցի՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի օգտին պատրաստ է իրենց ձայնը տալ ընտրողների 39 տոկոսը: Հարցմանը մասնակցել են Ֆրանսիայի 2 հազար 264 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում: Հարցումն անցկացվել է մայիսի 1-ից մինչեւ 3-ն ընկած ժամանակահատվածում:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում