«Հյուսիս-հարավ»-ի կամուրջների հատվածներում երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի նախատեսվածից շուտ

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» ընթանում է բնականոն հունով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով` բազմիցս է խոսվել այդ ճանապարհի վրա կամուրջների կառուցման հետևանքով անանցանելի հատվածների մասին:

«Երևան – Արտաշատ ճանապարհահատվածում շարունակվում են կամուրջների և ուղեանցերի շինարարական աշխատանքները: Բուրաստան, Դիմիտրով և Արաքսավան համայնքներին հարող կամուրջների հատվածների երթևեկությունն արդեն վերականգնված է, կամուրջների շինարարական մյուս աշխատանքները կշարունակվեն արդեն բաց երթևեկության պայմաններում»,- նախարարը` հավելելով, որ մյուս կամուրջների հատվածներում երկկողմանի երթևեկությունն ամբողջությամբ կվերականգնվի մայիսի 25-ին` պայմանագրով նախատեսված ժամկետի՝ սեպտեմբերի փոխարեն:

Մարտիրոսյանը հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքներում նախարարության և ԾԻԳ-ի կատարած աշխատանքները գնահատեց պատշաճ: Նրա խոսքով` երբեմն եղել են թերացումներ, այն ընկերությունների կողմից, ովքեր կատարում են աշխատանքները: Նախարարը հիշեցրեց նաև, որ ժամանակին տուգանվել է իսպանական ընկերությունը 5,7 մլն դոլարի չափով: «Հիմա մնացած ընթացիկ աշխատանքները կատարվում են ժամանակացույցին համապատասխան, չնայած որոշակի հատվածներում դեռևս թերացումներ կան»,- նշեց Մարտիրոսյանը` վստահեցնելով, որ աշխատանքները գտնվում են ԾԻԳ-ի և նախարարությ ան խիստ վերահսկողության ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում