Նախարարությունը վերահսկում է ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ իրականացումը

Հանրապետության ճանապարհներին փոսալցման աշխատանքները կավարտվեն մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատավածում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով` ճանապարհաշինական աշխատանքներում շատ խնդիրներ կան, բայց նախարարությունը ջանք չի խնայում դրանք լուծելու հ ամար: Խանգարող հանգամանքներից ամենամեծն, ըստ նախարարի, եղանակային պայմաններն են:

«Երեկ անակնկալ այց ունեցա Հաղարծին գյուղի` մոտ երկու կիլոմետրանոց ճանապարհային հատված, որը բավականին ծանր վիճակում է: Իմ կողմից շաբաթը երկու անգամ կլինեն պլանավորված և անակնկալ այցեր: Ճանապարհաշինական աշխատանքները նախարարության հսկողության տակ են: Նախագահի կողմից էլ շատ խիստ հանձնարարական տրվեց հսկողություն սահմանել ճանապարհների սպասարկման վրա»,- ասաց նախարարը` վստահեցնելով, որ ժամանակին ամեն ինչ կարվի:

Մարտիրոսյանի տեղեկացմամբ` ճանապարհների սպասարկման համար պետբյուջեից հատկացվում է 7-7,4 մլրդ դրամ, որի մեջ մտնում են ձմեռային և ամառային աշխատանքները: Ըստ նախարարի գնահատականների, գումարը բավարար չէ ամբողջ ճանապարհաշինական աշխատանքները սպասարկելու համար, սակայն ճանշինների հետ կնքած պայմանագրերով նախարարությունը վերահսկում է, որ դրանք առավելագույնս իրականացվեն:

«Ցանկանում ենք ունենալ այնպիսի ֆոնդ, որը պետք է եղած դեպքում արագ հատկացումներ անի ճանապարհաշինության համար: Այդ նպատակով կստեղծվի ճանապարհային ֆոնդ»,– ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ ֆոնդի մասին հետագայում ավելի մանրամասն հայտարարություններ կլինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում