ՊԲ առաջապահ ուժերն արձանագրել են ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգության դեպքեր

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Աշաղի Աբդուրահմանլի բնակավայրի մոտ տեղակայված մարտական հենակետերից մեկում մայիսի 5-ի առավոտյան Արցախի Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև փոխհրաձգության ձայներ, այնուհետև նռնակի պայթյուն:

«Նմանատիպ միջադեպերը հաճախակի կրկնվող երևույթներ են, որոնք մշտապես դիտարկվում և արձանագրվում են հայ դիրքապահների կողմից, ինչը վառ վկայությունն է այն իրողության, որ Ադրբեջանի զինված ուժերում կարգապահական և միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ անմխիթար վիճակում:

Վերոնշյալ միջադեպի արդյունքում հակառակորդ կողմը հավանաբար կունենա կորուստներ, որոնց մասին ավանդույթի համաձայն նախընտրում է չհայտարարել: Չի բացառվում նաև, որ ադրբեջանական էլիտան, իր երևակայությանը բնորոշ շեշտադրումներով, ամենայն հավանականությամբ կփորձի կատարվածի արդյունքում տեղ գտած կորուստները վերագրել հայկական կողմին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է ՊԲ տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում