Արցախում 10 ամսում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից 20 զոհ է եղել. ՄԻՊ

Արցախում 2016 թվականի մայիսի 1-ից մինչև 2017 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով զոհվել է 20 անձ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Դա մենք համարում ենք շատ մեծ թիվ: Մենք պարբերաբար բարձրաձայնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար թույլ է տալիս հրադադարի ռեժիմի խախտումներ: Մեր խնդիրն է միջազգային հանրության համար հասկանալի լեզվով իրավիճակը մատուցել, ներկայացնել տեղեկատվություն այդ խախտումների մասին, ինչը և մենք անում ենք»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նշված ժամանակահատվածում գրանցված դեպքերի առնչությամբ ՄԻՊ-ն իրականացրել է փաստահավաք գործունեություն: Ինչ վերաբերում է վերջին ամիսներին, ապա Ռուբեն Մելիքյանը նշեց, որ հետևում են խախտումների քանակին, լինում է շրջան, որ լարվածությունն աճում է, լինում է հակառակը:

«Բայց ես չէի ցանկանա կենտրոնանալ դրա վրա: Ինչու, որովհետև մենք գիտակցում ենք, որ իրավիճակը ցանկացած պահի կարող է փոխվել: Փետրվարի 22-ին կամ 23-ին աճի միտում չկար, որ ասեինք հաջորդը դիվերսիոն փորձ է: Մենք այդ վտանգի մեջ ենք և պետք է բաց աչքերով նայել դրան: Փորձենք դա օգտագործել ուժեղանալու, կենսունակ հասարակություն ձևավորելու համար»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում