Արցախում պատիժը կրող դիվերսանտներին կեղծ լույսի ներքո ներկայացնելու Ադրբեջանի փորձերը

Արցախի ՄԻՊ-ն ուշադրության կենտրոնում է պահում այնտեղ պատիժը կրող Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների հարցերը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ինքն այցելել է Շուշի քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող բոլոր դատապարտյալներին, այդ թվում, ադրբեջանցիներին:

«Ես այցելել եմ Շուշի քրեակատարողական հիմնարկ, տեսել եմ դատապարտյալներին, այդ թվում, ադրբեջանցիներին: Նրանց հետ ունեցել եմ մեկուսի զրույցներ իրենց նախաձեռնությամբ: Բովանդակությունը չեմ կարող ներկայացնել, բայց դրա արդյունքում որոշակի աշխատանքներ ենք կատարվել: Նրանք Արցախի Հանրապետության համար դատապարտյալներ են և ունեն հավասար իրավունքներ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Անդրադառնալով Արցախում պատիժը կրող ադրբեջանցիների վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեղեկություններին, նրանց գործողություններն այլ լույսի ներքո ներկայացնելուն` Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իրենք դրանց մշտապես փաստերով են հակադարձում:

«Ես առիթ եմ ունեցել այս հարցին անդրադառնալու: Ադրբեջանական կողմը ներկայացնում է, թե այդ մարդիկ գնացել են Արցախ` այցելելու հարազատների գերեզմաններին, իսկ նրանց բռնում ու պահում են և այլն: Երբ մենք ներկայացնում ենք փաստերը, իրավիճակը փոխվում է: Մենք ներկայացնում ենք, որ նրանք սպանել են երեխայի, վիրավորել են անձի, զինված են եղել, նրանց մոտ հայտնաբերվել են ձայնագրություններ, որոնցում Ադրբեջանում ազգությամբ հայ ռազմագերիների հարցաքննությունն է: Այդ դեպքում այլևս որևէ հարց այստեղ չի մնում: Այս տեղեկատվությունը բավարար է, որ անկողմնակալ դիտորդը հետևություն անի»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում