Արցախի ուղղությամբ վտանգի դեպքում հայ-ռուսական միացյալ զորախումբը սպասելու և հապաղելու իրավունք չունի. Անդրանիկ Մակարյան

Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունն ապահովելու համար: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

«Զորամիավորման հրամանատարը և խաղաղ, և պատերազմական պայմաններում նշանակվում է Հայաստանի Զինված ուժերի կազմից: Զեկուցում եմ ձեզ՝ համաձայն հայ-ռուսական համատեղ համաձայնագրի, որը ստորագրվել է 2016 թ. նոյեմբերի 30-ին, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների կազմից։ Հրամանատարը նշանակվում և ազատվում է Հայաստանի Հանրապետության գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանագրով՝ համաձայնեցնելով այն Ռուսաստանի Դաշնության գերագույն գլխավոր հրամանատարի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Անդրանիկ Մակարյանն՝ ընդգծելով, որ զորամիավորումը գործելու է միայն ՀՀ գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանով:

Հարցին՝ արդյոք միացյալ զորախումբը կմիջամտի նաև Արցախի ուղղությամբ սահմանային իրավիճակի լարման դեպքում, Անդրանիկ Մակարյանը պատասխանեց, որ զորախումբը միջամտելու է ցանկացած վտանգի դեպքում և Արցախի դեպքում ևս սպասելու, հապաղելու իրավունք չունի։

Ճշտող հարցին՝ Վլադիմիր Պուտինը չի՞ կարող ասել՝ մի գրոհեք, գեներալ-մայորը պատասխանեց. «Ոչ, չի կարող»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում