Որոնք են եղել Հայաստան ներմուծված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքները

2016 թվականին Հայաստան ներմուծված 10 առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների մաքսային արժեքը կազմել է 1 մլրդ 200 մլն 564 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես-ը` վկայակոչելով ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալները, Հայաստան ներմուծված առաջին տասը առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքներն են բնական և հեղուկ գազը, ոչ հում նավթ, նավթամթերքը, մարդատար ավտոմեքենան, ադամանդը, կշռածրարած դեղամիջոցները, բ ջջային ցանցի հեռախոսային ապարատները, ծխախոտի հումքը, ցորենը և մեսլինը, անմշակ ալյումինն ու էթիլային սպիրտը:

2015 թվականին Հայաստան ներմուծված 10 առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների մաքսային արժեքը կազմել էր 1 մլրդ 305 մլն 638 հազար ԱՄՆ դոլար: 2015-ին այդ ապրանքներն էին բնական և հեղուկ գազը, ոչ հում նավթը, նավթամթերքը, մարդատար ավտոմեքենաները, կշռածրարած դեղամիջոցները, ադամանդը, ցորենը և մեսլինը, անմշակ ալյումինը, բջջային ցանցի հեռախոսային ապարատները, ծխախոտի հումքը և սիգարը, սիգարետը, սիգարիլան:

2016 թվականին Հայաստան է ներմուծվել 347 մլն 93 հազար դոլարի բնական և հեղուկ գազ` 2 մլրդ 234 մլն 262 հազար խմ ծավալով: Նախորդ տարվա համեմատ մաքսային արժեքը նվազել է 167 մլն 220 հազար դոլարով, իսկ ծավալը` 391 մլն 843 հազար խմ-ով:

Ոչ հում նավթի և նավթամթերքի ներմուծման ծավալը 2016-ին կազմել է 318 հազար 215 տոննա, իսկ մաքսային արժեքը` 198 մլն 477 հազար դոլար: Նախորդ տարվա համեմատ մաքսային արժեքը նվազել է 14 մլն 973 հազար դոլարով, իսկ ծավալն ավելացել է 20 հազար 267 տոննայով:

Նախորդ տարի Հայաստան են ներմուծվել 130 մլն 601 հազար դոլարի 33 մարդատար ավտոմեքենա, ինչը 6 ավտոմեքենայով ավելի և 2 մլն 821 հազար դոլարով պակաս է 2015 թվականի ցուցանիշից:

Ադամանդի ներմուծման ծավալը կազմել է 418 հազար կարատ և 129 մլն 959 հազար դոլար, որը 176 հազար կարատով և 42 մլն 784 հազար դոլարով գերազանցում է 2015-ի ցուցանիշը:

Կշռածրարած դեղամիջոցների ներմուծման ծավալը կազմել է 1439 տոննա` 93 մլն 545 հազար դոլար մաքսային արժեքով: Նախորդ տարվա համեմատ այն 178 տոննայով և 251 հազար դոլարով ավելացել է:

 Բջջային ցանցի կամ այլ կապի հեռախոսային ապարատների, ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման կամ հաղորդման սարքերի ներմուծման ծավալը կազմել է 90 մլն 351 հազար դոլար, իսկ ծավալը` 609 հազար հատ:

2016-ին ծխախոտի հումք, թափոններ են ներմուծվել 14 հազար 742 տոննա ծավալով և 60 մլն 61 հազար դոլարով:

Ցորենի և մեսլինի ներմուծման ծավալը կազմել է 280 հազար 266 տոննա, որի մաքսային արժեքը կազմել է 58 մլն 703 հազար դոլար:

2016 թվականին ներմուծվել են 28 հազար 86 տոննա անմշակ ալյումին` 46 մլն 73 հազար մաքսային արժեքով, 12 մլն 876 հազար լիտր էթիլային սպիրտ, սպիրտային թուրմ, լիկյոր և այլ սպիրտային ըմպելիք` 45 մլն 701 հազար դոլար մաքսային արժեքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում