Համայնքները չպետք է գոյատևեն միայն պետությունից ստացվող դոտացիայով. Դավիթ Լոքյան

Հայաստանում համայնքները չպետք է գոյատևեն միայն պետությունից ստացվող դոտացիայով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Համայնքապետը, համայնքի բնակիչները պետք է մեծացնեն իրենց համայնքի սեփական եկամուտները, որը կարող է ծառայել համայնքում տարբեր ծառայությունների մատուցման համար»,-ասաց Լոքյանը:

Նրա խոսքով` կան համայնքներ, որոնք նախարարության ներկայացրած մեթոդիկայի շնորհիվ կարողացել է 35 տոկոսով ավելացնել սեփական եկամուտները: Նախարարը հույս ունի, որ տարեվերջին միջին հաշվով համայնքային բյուջեի 10 տոկոս աճ կունենան, որը կկազմի մոտ 3.5 մլրդ դրամ: Հաշվարկում ներառված չէ Երևանի բյուջեն:

«Սեփական եկամուտների աճն ամենակարևոր փաստարկն է համայնքների զարգացման գործում»,-ասաց Լոքյանը:

ՀՀ մարզերի, գերատեսչությունների, մասնավոր ներդրողների կողմից 2017 թվականի մայիսի 5-ի դրությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել թվով 157 ներդրումային ծրագիր համայնքների զարգացման համար։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարն ասաց, որ 107 ծրագիր հստակեցվել է և ներկայացվել շահագրգիռ մարմինների քննարկմանը։

Միաժամանակ, զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքների ղեկավարների հետ ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքում թվով 8 ծրագիր առանձնացվել են պետության օժանդակության կամ վարկավորման նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում