Ադրբեջանի «սև ցուցակ»-ին ի պատասխան Արցախի կողմից հակաքայլեր են իրականացվում

Ադրբեջանի այսպես կոչված «սև ցուցակ»-ին ի պատասխան Արցախի կողմից հակաքայլեր են իրականացվում: Այս մասին մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Երբ Ադրբեջանը հայտարարեց Արցախ այցելած մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումների մասին, բացի եվրապատգամավորներից, այն ընդգրկեց նաև Ազոխի արշավախմբի անդամներին: Սա մեզ համար անընդունելի է, ներկայում այս ուղղությամբ իրականացնում ենք ուսումնասիրություններ: Առաջիկայում խնդրով ակտիվորեն զբաղվելու ենք: Այսպես կոչված «սև ցուցակ»-ը, մենք կարծում ենք, որ ինքնին անթույլատրելի գործունեություն է: Դրա պատճառով սահմանափակվում են մի շարք իրավունքներ: Քանի հայտնի պրոֆեսորներ, ճանաչված բժիշկներ Արցախ չեն այցելի՝ հաշվի առնելով «ս և ցուցակ»-ում հայտնվելու խնդիրը: Մյուս կողմից սա նաև խոսքի ազատության սահմանափակում է, վառ օրինակ բլոգեր Լապշինի դեպքը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նա նշեց, որ Արցախն այս երևույթին բաց աչքերով է նայում, երևույթը սառն է դատում և իրականացնում իր հակաքայլերը: Ներկայում մասնագետների խումբը զբաղվում է այդ «սև ցուցակ»-ով:

Անդրադառնալով միջազգային հանրության հետ հարաբերությունների մակարդակին՝ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իրենց դա չի բավարարում:

«Այն միջազգային հեղինակավոր կառույցները, որոնք հրաժարվում են Արցախ մուտք գործել, դրանով նրանք ոչ թե պահպանում են չեզոքություն, այլ քողարկված ձևով պաշտպանում են հակամարտության կողմերից մեկի դիրքորոշումը: Մենք փորձելու ենք փոխել այս իրավիճակը: Այսօրվա այդ իրավիճակը՝ գիտակցված, թե ոչ, հակառակորդի դիրքորոշման պաշտպանությունն է»,-ասաց նա` ընդգծելով, պետք է բանակցել, գտնել լուծումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում