Արցախի խորհրդարանի նախագահը հայրենասիրության դաս է վարել Շուշիում

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այցելել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոց և հայրենասիրության դաս վարել աշակերտների համար: Այս մասին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խորհրդարանի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել դպրոցի` արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված փառքի սրահում:

Այնուհետև, կրթօջախի դահլիճում Աժ նախագահը աշակերտներին ներկայացրել է եռատոնի խորհուրդը, խոսել հայոց պատմության մեջ մայիսյան հաղթանակների ունեցած առանձնահատուկ նշանակության մասին և ընդգծել հայ ժողովրդի կամքն ու վճռականությունը սերնդեսերունդ փոխանցելու հաղթանակների ավանդույթը:

«Մայիսյան եռատոնը մեր տարեգրության մեջ հաղթանակների ոսկեդարն է: Երկար դարերով պետականություն չունենալուց հետո մենք կարողացանք կերտել երկու անկախ հայկական պետություններ և տոնել հաղթանակներ», – ընդգծել է ԱԺ նախագահը:

Պատմական հակիրճ ակնարկով աշակերտները տեղեկություններ են ստացել Հայրենական մեծ պատերազմում արցախցիների մասնակցության և հերոսական ճանապարհի մասին:

Մանրամասներ ներկայացնելով Շուշիի ազատագրման պատմությունից՝ խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ քաղաքի ազատագրումը միայն սկիզբն էր, պետք էր նաև այն ապրեցնել, և փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր բերդաքաղաքն ազատագրելուց հետո վերահաստատվել են այնտեղ, նորից արմատներ ձգել և վերականգնել քաղաքի հայկականությունը:

Անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին՝ ԱԺ նախագահը կարևորել է այն փաստը, որ կարճ ժամանակում պաշտպանության բանակը կարողացել է կայանալ՝ որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը և այսօր հանդես է գալիս որպես անվտանգության և կայունության կարևորագույն գործոն:

Ամփոփելով դասը՝ Աշոտ Ղուլյանը հորդորել է աշակերտներին հպարտությամբ ու մեծ պատասխանատվությամբ կրել շուշեցի լինելու պատիվը և անել ամեն ինչ՝ հայրենի քաղաքի երբեմնի փառքը վերականգնելու և այն աշխարհին ճանաչելի դարձնելու համար:

«Եղել են ժամանակներ, երբ Շուշիի կրթօջախների շրջանավարտները հեշտությամբ ընդունվել են Եվրոպայի լավագույն բուհերը: Վստահ եմ՝ նոր սերունդը կարողանալու է վերականգնել քաղաքի այդ համբավը»,- նշել է ԱԺ նախագահը:

Միջոցառմանը մասնակցել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում