Պատգամավորի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում նախապայմաններ դնող Թուրքիան վտանգ է ներկայացնում

Թուրքիան նախագահական կառավարման համակարգի անվան տակ վերջնականապես գնում է դեպի սուլթանական համակարգ: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նորընտիր խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Էրդողանը դա կարողացավ ապահովել եւ հարաբերությունները կտրուկ սրեց Արեւմուտքի հետ: Վերջերս Արեւմուտքի կողմից ավելի հաճախ կարծիքներ ենք լսում, ավելի շուտ հստակ տեսակետներ, որ Թուրքիան կորցրեց Եվրամիություն մտնելու իր բոլոր հույսերը: Այսինքն՝ մենք առաջիկայում սպասում ենք, որ կամ այս ողջ թոհուբոհից հետո կրկին կփորձի գտնել ԵՄ հետ բանակցություններ վարելու այլ ձեւաչափ, կամ կորդեգրի արմատական իսլամի ներքին քաղաքականություն՝ հայացքը հառելով դեպի Արեւելք, ինչի պարագայում նա, իհարկե, աշխարհի հետ խնդիր կունենա: Այդ միտու? ?ը տեսնում ենք նաեւ այսօր»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ քայլերն ուղղելով դեպի Արեւելք՝ Թուրքիան ուզում է իր ազդեցությունը հաստատել Մերձավոր Արեւելքում, ապա ավելի խորանալ դեպի այլ թուրքալեզու համայնքներ:

«Սա մի կողմից անընդունելի է հենց աշխարհի համար, մյուս կողմից էլ հենց այլ թուրքալեզու ժողովուրդների համար, որովհետեւ ինչքան էլ նրանք սերտ, մտերիմ ազգակցական կապեր ունենան, բնականաբար, որեւէ թուրքալեզու պետություն չի ցանկանա իր ինքնիշխանությունը զոհաբերել հանուն թուրքական ծրագրերի. անգամ Ադրբեջանը»,-նշեց Շիրակ Թորոսյանը:

ՀՀԿ պատգամավորը ընդգծեց, որ Թուրքիան կշարունակի Հայաստանի համար վտանգ ներկայացնել, քանի դեռ այն չի հրաժարվել իր ժխտողական քաղաքականությունից, քանի դեռ նախապայմաններ է դնում հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում