Արցախին անհրաժեշտ է մարդու իրավունքների ռազմավարություն

Արցախին անհրաժեշտ է մարդու իրավունքների ռազմավարություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Խնդիրներին ռազմավարական մոտեցում ցուցաբերելը կարևոր է երկու տեսանկյունից. նախ` հասկանանք, թե ուր ենք գնում, ինչպես նաև, ապահովենք չափելիությունը, հասկանանք ոլորտում առաջընթաց ունենք, թե ոչ»,- ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այս ընթացքում ակտիվորեն աշխատել են Սփյուռքի հետ: Նրա խոսքով` դիմել են սփյուռքյան կառույցներին, որ Արցախում իրենց գործունեության մեջ շեշտադրեն մարդու իրավունքների բաղադրիչը:

«Ի վերջո, Արցախյան հակամարտությունն իր էությամբ մարդու իրավունքներին վերաբերող հակամարտություն է, մարդու իրավունքներին առնչվող խնդիր, ոչ այլ ինչ է, քան իրավունքի և ոչ իրավական մտածողության խնդիր»,-ասաց նա:

Անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում Արցախի քաղաքացիների հետ կատարած աշխատանքին և ստացված դիմումներին` Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ավելի մեծ թիվ են կազմում զինվորական ծառայության հետ կապված, ինչպես նաև սոցիալական ոլորտի դիմումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում