Մակրոնը վստահ է, որ իր հաղթանակով նոր էջ է բացվում Ֆրանսիայի պատմության մեջ

«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, որը հաղթանակ է տարել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում, շնորհակալություն է հայտնել իրեն պաշտպանած ընտրողներին: «Նախագահ ընտրվելը մեծ պատասխանատվություն է դնում ինձ վրա»,– ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով քվեարկության արդյունքների հրապարակումից հետո: Նա նշել է, որ «մտադիր է հաշվի առնել այդ թվում Մարին Լը Պենի («Ազգային ճակատի» առաջնորդի) ընտրողների սպասելիքները: «Ես կպաշտպանեմ ամբողջ Ֆրանսիայի շահերը»,- խոստացել է նա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Ես ձեզ կպաշտպանեմ ահաբեկչական սպառնալիքից, կլուծեմ տնտեսության, ժողովրդավարության եւ անվտանգության ամրապնդման խնդիրները»,- ասել է Մակրոնը՝ դիմելով կողմնակիցներին: Մակրոնը նշել է, որ «նոր էջ է բացվում Ֆրանսիայի պատմության մեջ»: «Ես ցանկանում եմ, որ դա լինի նոր հույսերի եւ վստահության էջ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Ֆրանսիան «կառաջնորդվի խաղաղության սկզբունքներով»:

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի ահաբեկչության դեմ պայքարը թե երկրի ներսում, թե արտասահմանում: «Ես ձեզ ասում եմ, որ Ֆրանսիան կլինի ահաբեկչության դեմ պայքարի առաջին շարքերում ինչպես իր հողում, այնպես էլ միջազգային մակարդակի գործողություններում»,– Փարիզում ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին:

Մակրոնը խոստացել է ամրապնդել Եվրամիությունը եւ հաստատուն դարձնել կապերը Եվրամիության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում