Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլին ամենաքիչը մասնակցել են երիտասարդներն ու բանվորները

Երիտասարդությունը, բանվորները, գործազուրկները եւ ամենաքիչ ապահովվածները դարձել են ամենապասիվ ֆրանսիացի ընտրողները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ինչի մասին հայտնել է France Info ռադիոկայանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Կատարված հետազոտության տվյալներով՝ 18-ից մինչեւ 24 տարեկան երիտասարդների թվում ընտրություններին չմասնակցածները կազմել է 34 տոկոս, 25-ից մինչեւ 34 տարեկանի թվում՝ 40 տոկոս: Իր հերթին 60–69 տարեկան ֆրանսիացիների թվում ընտրություններին չմասնակցածները կազմել են ընդամենը 19 տոկոս, իսկ 70-ից բարձր տարիքային կատեգորիայում՝ 18 տոկոս:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ երկրորդ փուլում բանվորներն ու գործազուրկներն ավելի մեծ չափով են անտեսել քվեարկությունը, քան կադրային աշխատակիցները եւ թոշակառուները: Այսպես, գործազուրկների 35 տոկոսը, բանվորների 32 տոկոսը, գործատուների 30 տոկոսը, կադրային աշխատակիցների 24 տոկոսը եւ թոշակառուների 17 տոկոսը քվեարկության օրը չեն ներկայացել ընտրատեղամասեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում